- Քննություն 5 հարցեր 7 րոպե
- Քննություն 5 հարցեր 7 րոպե
- Տեղեկացված համաձայնությունը միջազգային իրավական փաստաթղթերի եվ ներպետական օրենսդրության համատեքստում
- Քննություն 5 հարցեր 7 րոպե
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորմերի պատմությունը հազարամյակներ է հաշվվում: Հին Հունաստանում, Հին Եգիպտոսոմ, Միջագետքում, Հին Հնդկաստանում, ավելի ուշ շրջանում արաբական աշխարհում, Միջնադարյան Եվրոպայում, իսկ այնուհետ՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, բժշկության, բժշկագիտության զարգացմանը զուգընթաց ձևավորվում ու ներդրվում են բժշկի վարքագծի կանոններ (ավելի ուշ շրջանում համակարգված կանոնագրքերի տեսքով), որոնք կարգավորում էին բժիշկների ու հիվանդների, ինչպես նաև ներբժշկական հանրույթի միջև հարաբերությունները:
Բժշկական էթիկայի կանոնների, ներկայիս տեսքով ձևավորման խթաններից մեկը 2-րդ աշխարհամարտի տարիներին գործված պատերազմական հանցագործություններն էին և դրանցում նաև նացիստ բժիշկների մասնակցությունը և Նյուրնբերգյան դատավարության շրջանակում նրանց դատապարտումը, որից շատ չանցած Բժշկական համաշխարհային ասոցիացիան 1948 թվականին ընդունեց Ժնևի հռչակագիրը, որով առաջին անգամ միջազգայնորեն սահմանվում էր բժշկի երդման տեքստը, որի ակունքներում ընկած էին Հիպոկրատի երդման հիմնադրույթները:
Այնուհետ, 1949 թվականին, Բժշկական համաշխարհային ասոցիացիան ընդունում է Բժշկական էթիկայի կանոնագիրքը, որը համապատասխան փոփոխություններով, ցայսօր գործում է և նախանշում է բժշկական էթիկայի ընդգրկման սահմանները և բուժաշխատողների վարքագծի պարտադիր դրույթները:
Բժշկական էթիկայի զարգացման համար կարևոր փաստաթուղթ է 1964 թվականին Բժշկական համաշխարհային ասոցիացիայի կողմից ընդունած Հելսինկյան հռչակագիրը, որով սահմանվում էին մարդու ներգրավմամբ բժշկական հետազոտությունների էթիկական սկզբունքները:
Բուժաշխատողների վարքագծի նկատմամբ պահանջներ են առկա 2005 թվականի ՅՈՒՆԵՍԿՈ-յի կենսաէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
Այդուհանդերձ, որպես իրավաբանական պարտադիր ուժով օժտված փաստաթուղթ, հատկապես կարևոր է Կենսաբժշկության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Օվիեդոյի կոնվենցիա) (ՀՀ-ն չի ստորագրել և չի վավերացրել), որի «Մասնագիտական չափանիշներ» հոդված 4-ի հիմնական դրույթները հենվում է մասնագիտական էթիկայի կանոնները պահպանելու պահանջի վրա:
Այսպես, 4-րդ հոդվածը սահմանում է, որ բժշկական բոլոր միջամտությունները, այդ թվում հետազոտությունները, պետք է իրականացվեն վերաբերելի մասնագիտական պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:
Օվիեդոյի կոնվենցիայի բացատրական զեկույցում ահա այսպես են մեկնաբանվում 4-րդ հոդվածի պահանջները.
«...Բժիշկները և, ընդհանուր առմամբ, բոլոր մասնագետները, ովքեր մասնակցում են բժշկական միջամտության, ենթակա են իրավական և էթիկական հրամայականի: Նրանք պետք է գործեն խնամքով և գրագետ և ուշադիր լինեն հիվանդի կարիքներին: ... Բժշկի հիմնական խնդիրն է ոչ միայն բուժել հիվանդներին, այլև անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առողջությունը խթանելու և ցավը թեթևացնելու համար՝ հաշվի առնելով հիվանդի հոգեբանական բարեկեցությունը: ... Բացի այդ, գործողության որոշակի ընթացքը պետք է գնահատվի տվյալ հիվանդի կողմից բարձրացված առողջական հատուկ խնդրի լույսի ներքո: Մասնավորապես, միջամտությունը պետք է համապատասխանի համաչափության և համապատասխանության չափանիշներին՝ հետապնդվող նպատակի և օգտագործված միջոցների միջև: Բուժման հաջողության մեկ այլ կարևոր գործոն է հիվանդի վստահությունը բժշկի նկատմամբ: Այս վստահությունը որոշում է նաև բժշկի պարտականությունները հիվանդի նկատմամբ: Այս պարտականությունների կարևոր տարրը հիվանդի իրավունքների հարգումն է: Վերջինս ստեղծում և մեծացնում է փոխվստահությունը: Բուժական դաշինքը կամրապնդվի, եթե հիվանդի իրավունքները լիովին հարգվեն»:
Ինչպես երևում է մեջբերումից, «մասնագիտական պարտավորություններ և չափանիշներ» հասկացությունը ներառում է ինչպես մասնագիտական գործունեության համապատասխանությունը բժշկագիտության արդի պահանջների, այնպես էլ մասնագիտական վարքագծի կանոնների պահպանությունը:
Այս առումով պետք է արձանագրել, որ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի մասին առկա ՀՀ օրենսդրությունը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է Օվիեդոյի կոնվենցիայի պահանջներին, չնայած, որ այն ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը չի հանդիսանում:
Բժշկական էթիկայի նորմերի վերաբերյալ համակարգված պահանջներ սահմանող օրենսդրություն, ՀՀ-ում համեմատաբար վերջերս է ընդունվել: 2020 թվականին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում, սահմանվեցին մասնագիտական էթիկայի կանոնների հասկացության, ընդունման լիազորությունների, էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործառույթների մասին հիմնական իրավակարգավորումները:
Նույն օրենքի 31-րդ հոդվածով մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումը ներառվեց բուժաշխատողների պարտականությունների շրջանակում և սահմանվեց պատասխանատվության դրանց խախտումների համար:
Մինչև դրանց ներկայացնելը, պետք է նշել, որ մինչև այդ էլ բժշկական էթիկայի առանձին կանոններ ՀՀ օրենսդրության մեջ առկա են եղել. 1996 թվականին ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի առաջին տարբերակում որպես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականություն արդեն իսկ սահմանվում էր հիվանդների նկատմամբ հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերումը, գաղտնիության ապահովումը և այլն:
Սակայն բուժաշխատողների մասնագիտական էթիկայի համակարգային իրավակարգավորման մասին կարելի է խոսել միայն 2020 թվականի օրենսդրական փոփոխությունների համատեքստում:
2.ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Եվ այսպես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն, մասնագիտական էթիկայի կանոնները բուժաշխատողի մասնագիտական գործունեության վարքագծի նորմերն են: Նկատի ունենալով, որ այս սահմանումը չի առանձնացնում ավագ բուժաշխատողներին, ենթադրվում է, որ այդ պահանջները տարածվում են նաև միջին ու կրտսեր բուժանձնակազմի նկատմամբ, իհարկե այնքանով, դրանք նրանց առնչվում են մասնագիտական գործունեությանը կամ ուղղակի գործունեությանը: Օրինակ՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման հիմքով կրտսեր բուժաշխատողները կարող են տեղյակ լինել բժշկական գաղտնի տեղեկությունների (անձի հիվանդանոցային բուժում ստանալու մասին), ուստի նրանք պարտավոր կլինեն պահպանել բժշկական գաղտնիքը էթիկայի կանոնի պահպանման պահանջի շրջանակում: Նույնը և պացինետին հարգելու մասին կանոնին կարող է վերաբերվել:
Համաձայն նույն օրենքի 36-րդ հոդվածի, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները տարածվում են ինչպես բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունների վրա, այնպես էլ բուժաշխատողի՝ իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա:
Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160369) հաստատում է Կառավարությունը, որոնք չեն սահմանափակում բուժաշխատողների մասնագիտական հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպության անդամ բուժաշխատողների համար էթիկայի լրացուցիչ կանոնների կամ կանոնակարգերի ընդունումը:
Այսինքն մասնագիտական տարբեր կազմակերպությունները, օրինակ՝ բժիշկների, բուժքույրերի ասոցիացիաները կարող են ընդունել իրենց մասնագիտական առավել նեղ ոլորտային էթիկայի կանոնները և սահմանել դրանց կատարման պայմանները ու իրենց կազմակերպության շրջանակում կանոնների խախտման դեպքում կիրառվելիք ներգործության միջոցները: Սակայն պետք է հիշել, որ դրանք լինելու են բացառապես տվյալ կազմակերպության շրջանակում՝ դրա անդամների համար սահմանված կանոններ, և ՀՀ առողջապահական համակարգի համար համապարտադիր բնույթ չեն կրելու:
Ըստ վերը նշվածի, օրենքը նախանշում է բժշկական էթիկայի կանոնների գործողության հիմնական երեք տիրույթ՝
- ա.բուժաշխատող-պացիենտ.
- բ.Բուժաշխատող-բուժաշխատող.
- գ.բուժաշխատող- երրորդ անձինք:
Հենց այդ մոտեցման հիման վրա, ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման հիման վրա սահմանել է բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները:
Մասնագիտական էթիկայի կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանող 1-ին գլուխը բուժաշխատողի վարքագծին ուղղված ընդհանուր պահանջներ է սահմանում: Դրանք, համաձայն Կանոնների 2-ի կետի, հետևյալն են՝
- 1) հարգել մարդու արժանապատվությունը.
- 2) գործել ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով գիտության ձեռքբերումները և պացիենտի վիճակը.
- 3) ցանկացած բժշկական միջամտության ժամանակ գործել համաչափության և մասնագիտական անհրաժեշտության սկզբունքներին համապատասխան.
- 4) հարգալից վերաբերվել պացիենտի ընտանիքի անդամներին, օրինական ներկայացուցիչներին, կոնտակտային անձին.
- 5) իր իրավասության շրջանակում ձեռնարկել միջոցներ` ուղղված բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավմանը.
- 6) լինել իրազեկ գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումներին, բարեխղճորեն իրականացնել իր մասնագիտական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: Ընդ որում, բուժաշխատողի գործողությունները չեն կարող գերազանցել մասնագիտական որակավորման շրջանակները:
Ըստ այդմ, Կանոնների 2-րդ կետի համաձայն, բուժաշխատողի՝ հարգալից լինելու պարտականությունը վերաբերում է ոչ միայն պացիենտի հետ հարաբերություններին, այլև պացիենտի ընտանիքի անդամների, օրինական ներկայացուցիչների, կոնտակտային անձի հետ հարաբերություններին (կոնտակտային անձ է համարվում պացիենտի լիազորած, չափահաս, գործունակ անձ, որի հետ առաջնահերթության կարգով անհրաժեշտության դեպքում բուժաշխատողը կարող է կապ հաստատել՝ կապված պացիենտի առողջական վիճակի, դրա հետագա ընթացքի հետ, իսկ անգիտակից պացիենտի դեպքում՝ նաև բժշկական միջամտություն իրականացնելու համար, և որի վերաբերյալ տվյալները պացիենտը տրամադրում է առաջին անգամ բժշկական օգնության և սպասարկման դիմելիս՝ հետագայում նրան փոխելու հնարավորությամբ), այլ անձանց հետ հարաբերություններին ևս: Հարգալից վերաբերմունքը ենթադրում է բարեկիրթ, ուշադիր, արժանապատվությունն որևէ կերպ չնսեմացնող, ոչ խտրական վերաբերմունք բուժաշխատողի կողմից:
Կարևորագույն պահանջ է ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա գործելու պահանջը, ինչը արգելում է սեփական, գիտական հենք չունեցող դատողությունները տարածել մասնագիտական տիրույթում և պացիենտների, հասարակության շրջանում (օրինակ՝ առանձին բուժաշխատողների հակապատվաստումային քարոզները) կամ մասնագիտական գործունեություն ծավալել չունենալով անհրաժեշտ գիտական հիմնավորումներ ապացուցողական մակարդակում:
Չափազանց կարևոր են Կանոնների 2-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պահանջները, ըստ որոնց կարևորվում է համաչափությունը (օրինակ՝ չկատարել տվյալ պացիենտի համար ոչ անհրաժեշտ կամ չհիմնավորված լրացուցիչ դեղորայքային նշանակումներ կամ նշանակել ախտորոշիչ ծառայություններ) և մասնագիտական անհրաժեշտությունը (կարիքի դեպքում չխուսափել համապատասխան բժշկական կամ այլ անհրաժեշտ միջամտություն նախաձեռնելուց): Բուժաշխատողը նաև պարտավոր է գործել կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի, չափորոշիչների, ՀՀ օրենսդրությամբ հաստատված և իր գործունեությանը վերաբերող իրավական ակտերի հիման վրա և դուրս չգալ մասնագիտական որակավորման պահանջներից:
Ինչ վերաբերում է բուժաշխատողի՝ բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավման պարտականությանը, ապա սա կանոն է, որը կիրառելի է բացառապես բուժաշխատողի մասնագիտական և աշխատանքային իրավասությունների շրջանակում գործադրվող անձնական ջանքերին, որոնք ուղղված են նոր մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, ունակություններ ձեռք բերելուն և կիրարկելուն, աշխատանքային իրավասությունների թույլատրելի շրջանակում որակի ապահովման տարաբնույթ գործիքներ կիրառելու միջոցով բժշկական օգնության բարելավմանը: Ինչ վերաբերում է բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման կամ բարելավման իրավական ակտերով սահմանված պահանջներին, ապա դրանց իրականացումը դիտարկվում է աշխատանքային պարտականությունների կամ օրենսդրության համապատասխան պահանջների ապահովման շրջանակում:
Կանոնները սահմանող 2-րդ գլխի 3-րդ կետը սահմանում է բուժաշխատող-պացիենտ հարաբերություններին վերաբերող կանոններ: Դրանք հետևյալն են՝
- 1) դիմել անհրաժեշտ միջոցների՝ պացիենտի առողջությունն ամրապնդելու (բարելավելու) և ցավը մեղմելու համար.
- 2) հարգել պացիենտի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, հիմնական իրավունքները և ազատությունները.
- 3) հարգել պացիենտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հարգալից վերաբերվել նրա դավանած կրոնին, աշխարհայացքին, քաղաքական կամ այլ հայացքներին, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներին.
- 4) ձեռնպահ մնալ պացիենտի վարքի վերաբերյալ դատողություններից և չպարտադրել սեփական մոտեցումներն ու արժեքները.
- 5) օգտագործել իր իրավասությունը և մասնագիտական կարողությունները` ի շահ և ի բարօրություն պացիենտի, բացառել գործելակերպը, որը հակասում է պացիենտի շահերին կամ ենթադրում կամ ստեղծում է սպառման արհեստական կարիք.
- 6) հոգատար լինել պացիենտի նկատմամբ և գործել նվիրումով՝ պացիենտի առողջությունն ամրապնդելու կամ վերականգնելու, վերջինիս կյանքը և դրա որակը պահպանելու համար.
- 7) իր իրավասության սահմաններում պաշտպանել խոցելի խմբերին պատկանող պացիենտների իրավունքները, այդ թվում՝
ա. երեխաներին՝ պաշտպանելով նրանց ցանկացած տեսակի ոտնձգությունից,
բ. տարեցներին՝ նպաստելով նրանց ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական անկախությանը և ինքնասպասարկման կարողությանը՝ նպատակ ունենալով բարելավել նրանց կյանքի որակը,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց.
- 8) իր մասնագիտական գործունեության ընթացքում բացառել որևէ հիմքով խտրականություն կամ խոշտանգման, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք պացիենտի նկատմամբ:
Այս խումբ կանոնների հիմքում ընկած է պացիենտի պատվի, արժանապատվության նկատմամբ լիակատար հարգանքը պահպանելու բուժաշխատողի պարտականությունը, որը մի դեպքում պետք է դրսևորվի պացիենտի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, հիմնական իրավունքների և ազատությունների հարգման, մյուս դեպքում՝ հոգատար, կարեկից, պացիենտի նկատմամբ նվիրումով գործելու ձևով: Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիություն ասելով պետք է նկատի ունենալ ֆիզիկական կամ հոգեկան ամբողջականության դեմ կատարվող ֆիզիկական ոտնձգության, բռնության կամ այլ ներգործության կամ հոգեբանական հարկադրանքի, անձի ինքնավարությունը խախտող որևէ գործողության բացառումը: Այս կանոնի պահպանման համատեքստում պետք է ապահովվեն բժշկական միջամտության դեպքում տեղեկացված համաձայնություն ստանալու օրենքով սահմանված պահանջի պատշաճ իրականացումը:
Պացիենտի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ընդհանուր պահանջի համատեքստում պիտի դիտարկել պացիենտի վարքի վերաբերյալ դատողություններից ձեռնպահ մնալու և սեփական մոտեցումներն ու արժեքները չպարտադրելու կանոնը, որը կարելի է դիտարկել ինչպես նեղ իմաստով՝ պացիենտի հիվանդության (վիճակ) պատճառով ձևավորված վարքագծին, այնպես էլ ավելի լայն կոնտեքստում՝ պացիենտի վարքին ընդհանրապես: Այստեղ իհարկե չպետք է բացառել բուժաշխատողի բացատրական աշխատանք տանելու, հոգեկան անհավասարակշիռ վարք դրսևորող պացիենտների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները, այդուհանդերձ, բուժաշխատողը այս դեպքերում ևս պետք է պահպանի զսպվածությունը, ըմբռնողական վերաբերմունք ցուցաբերի իր աշխարհընկալումից, դավանած արժեքներից, դաստիարակությունից տարբերվող վարքագիծ դրսևորող պացիենտների նկատմամբ:
Կարևոր պահանջ է պացիենտի բարօրության և նրա շահերից գործելու պահանջը, որը ենթադրում է բժշկական օգնության և սպասարկման բոլոր բաղադրիչների և դրանց կատարման ընթացքի մասնագիտական հիմնավորվածությունը (օրինակ՝ խախտման դեպք կարող է դիտարկվել վիրահատության նշանակումը, որի կատարումը բավարար չափով հիմնավորված չէր տվյալ պացիենտի հիվանդության կամ վիճակի պարագայում և կարելի էր բուժումը կազմակերպել կոնսերվատիվ եղանակով, կիրառելով ավելի խնայողական մեթոդներ):
Չնայած բուժաշխատող-պացիենտ հարաբերությունների շրջանակին վերաբերող կանոնները չեն ենթադրում տարբերակում ըստ ռասայական կամ ազգային պատկանելիության, տարիքի, սեռի, անձնական կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների, այդուհանդերձ, Կանոնները պահանջում են առավել ուշադիր վերաբերմունք և վարք խոցելի խումբ հանդիսացող պացիենտների նկատմամբ: Կանոնների իմաստով դրանք երեխաներն են, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը առավել ջանքեր ու գործիքներ է պահանջում, նկատի ունենալով նրանց խոցելիությունը հանրային կյանքի տարբեր դրվագներում, այդ թվում բժշկական օգնության և սպասարկման գործընթացում: Այս պարտականությունը ենթադրում է պաշտպանել այս խմբերին ցանկացած ոտնձգությունից կամ իրավունքի խախտումից սեփական իրավասության շրջնակում, իսկ իրավասություն չունենալու դեպքում ձեռնարկել այլ գործողություններ (օրինակ՝ խախտման դեպքում տեղեկացնել վերադասին, սոցիալական պաշտպանության մարմիններին կամ ոստիկանությանը, հաշվի առնելով խախտման բնույթը: Որպես առավել կոնկրետ օրինակ երեխաների մասով կարող է լինել այն դեպքը, երբ ծնողը հրաժարվում է բժշկական օգնությունից և դա բժշկի կողմից գնահատվում է որպես երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիք, այս դեպքում բուժաշխատողը պարտավոր է տեղեկացնել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ մարմնի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված միջոցերը ձեռք առնելու նպատակով):
Պացիենտի հետ հարաբերություններում բուժաշխատողի վարքագծի առավել կարևոր կանոններից մեկն է հարգանքը՝ պացիենտի կյանքի տարբեր ասպեկտները կազմող տեղեկատվության նկատմամբ: Տվյալ դեպքում «հարգանք» եզրույթը պետք է դիտարկել բուժաշխատողին հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիության պահպանման պարտականության տեսանկյունից: Եվ, մասնավորապես, կարևորվում են բժշկական գաղտնի տվյալների պահպանությունը, իհարկե, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որը դիտարկվում է ոչ միայն բուժաշխատողի, այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի պարտականություն, ինչպես և պացիենտի իրավունք: Ի տարբերություն շատ այլ կանոնների, բժշկական գաղտնիք պարունակող տվյալների պահպանության պահանջը ամրագրված է օրենքով և դրա հրապարակման դեպքում առաջացնում է քրեական պատասխանատվություն, բժշկական գաղտնիքին՝ որպես հատուկ կատեգորիայի անձնական տվյալների հետ կապված այլ իրավախախումները՝ նաև վարչական պատասխանատվություն: Իսկ եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը բժշկական գաղտնիքի պահպանության հետ կապված առանձին կանոններ սահմանի նաև ներքին իրավական ակտերով, ապա դրանց խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: Պետք է նշել, որ Կանոններում բուժաշխատողի համար ոչ միայն բժշկական գաղտնիքի պահպանության պարտականություն է սահմանվում (մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հարգման շրջանակում), այլև մասնավոր կյանքի այլ բաղադրիչներին (անձնական հարաբերություններ, կապեր, գործողություններ) և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, դավանած կրոնին կամ հավատքի հետ կապված համոզմունքներին (լինի դա համաշխարհային կրոններից որևէ մեկի կամ կրոնական փոքր խմբի հետևորդ կամ աթեիստ կամ ագնոստիկ), աշխարհայացքին, քաղաքական կամ այլ հայացքներին, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներին հարգալից վերաբերելու պարտականություն: Այն առավելապես արտահայտվում է բուժաշխատողի կողմից իրեն հայտնի դարձած տեղեկությունները գաղտնի պահելու, դրանք երրորդ անձանց չփոխանցելու, նրանց հետ չքննարկելու, ինչպես և պացիենտին իր համոզմունքներից հետ տարհամոզելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալու վարքագիծ դրսևորելու մեջ: Պետք է նշել, որ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, հավասարապես ինչպես բժշկական գաղտնիք հրապարակելը առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:
Կանոնները սահմանող 3-րդ գլուխը բուժաշխատող-բուժախատող հարաբերություններին վերաբերող կանոններ է սահմանում: Դրանք հետևյալն են՝
- 1) հարգել այլ բուժաշխատողների իրավունքները և օրինական շահերը.
- 2) հարգալից վերաբերմունք և քաղաքավարություն դրսևորել այլ բուժաշխատողների նկատմամբ.
- 3) դրսևորել համագործակցային վարքագիծ և փոխվստահություն այլ բուժաշխատողների նկատմամբ.
- 4) պացիենտներ ներգրավելու նպատակով չթերագնահատել կամ որևէ այլ կերպ բացասական գնահատականներ չտալ այլ բուժաշխատողների վերաբերյալ.
- 5) իր պատվին և արժանապատվությանը համապատասխան դրսևորել հասարակական և մասնագիտական վարքագիծ:
Այս խումբ կանոնների հիմքում հարգանքի ու քաղաքավարության դրսևորման պահանջն է գործընկերների նկատմամբ, որը պետք է արտահայտվի ինչպես բուժաշխատողների միջև մասնավոր հարաբերությունների տիրույթում, այնպես էլ հանրային հարթակներում:
Հատկապես հիշատակման անհրաժեշտություն ունի պացիենտների ներգրավման նպատակով այլ գործընկերների մասնագիտական գործունեությունը բացասաբար գնահատելու անթույլատրելիությունը, ինչը չի վերաբերվում օրենսդրությամբ սահմանված կարգով, փորձագիտական մակարդակով արվող եզրահանգումներին (օրենքով նախատեսված դատաբժշկական կամ այլ եզրակացություններ):
Այս խումբ կանոնների համատեքստում պետք է ընդգծել նաև ենթակայական հարաբերությունների մեջ գտնվող բուժաշխատողների կամ պաշտոնեական ավելի ցածր աստիճանակարգում գտնվող գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերվելու կանոնը, որը բժշկական կոլեկտիվներում առողջ և համագործակցային միջավայրի ստեղծման կարևոր նախադրյալներից մեկն է:
Կանոնները սահմանող 4-րդ գլուխը սահմանում է բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հանրային առողջության պահպանման ոլորտում: Դրանք են՝
- 1) սահմանված կարգով անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների մասին.
- 2) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքում իրավասու մարմնի պահանջով տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ շարունակելով սպասարկել նաև իր պացիենտներին․
- 3) hամագործակցել իրավասու մարմինների հետ` հիվանդությունների և առողջության հետ կապված այլ խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում.
- 4) իրավասու մարմիններին տրամադրել իրեն հասանելի տեղեկատվությունը՝ հանրային առողջապահության հետ կապված փաստերի և հանգամանքների վերաբերյալ.
- 5) ապահովել հանրային առողջության պահպանման ոլորտում իրավասու մարմինների որոշումները՝ պահպանելով սույն կանոնները։
Պետք է նշել, որ հատկապես այս գլխի կանոնները առավել մեջ չափով են ներկայացված ՀՀ օրենսդրության մեջ՝ բուժաշխատողների համար սահմանված պարտականությունների տեսքով:
Այսպես, «Բնակչության բժշկական օգնության և ասպարկման մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքները, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված սանիտարական նորմերը և կանոնները, չափորոշիչները սահմանում են ընդհանուր և հատուկ նորմեր բուժաշխատողների՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործունեության ոլորտում: Դրանք պարունակում են իրավակարգավորումներ հանրային առողջության պահպանման նպատակով պատասխանատուների, դրանց իրավասությունների շրջանակի, իրավասու մարմինների հանրային առողջության տեսանկյունից սպառնալիք կամ վտանգ հանդիսացող դեպքերի մասին հաղորդման կարգի և այլ պայմանների վերաբերյալ:
4-րդ գլխով սահմանված կանոնների ապահովման գործում բւժաշխատողները մշտապես պետք է հետևեն մեկ այլ, այն է՝ ապացուցողական բժշկության սկզբունքների հիման գործելու մասնագիտական էթիկայի կանոնին:
Կանոնները սահմանող 5-րդ և 6-րդ գլուխները վերաբերում են բուժաշխատող-երրորդ անձինք հարաբերություններին: Դրանք հետևյալն են՝
- 1) բուժաշխատողն իրավունք չունի առողջապահության բնագավառում, մասնավորապես, դեղերի, բժշկական արտադրատեսակների արտադրության, մեծածախ և մանրածախ ներմուծման, արտահանման գործունեություն իրականացնողից ընդունել նվեր կամ տալ այն հետագայում ընդունելու համաձայնություն, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է մասնագիտական պարտականությունների իրականացման հետ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել իր կողմից իրականացվող մասնագիտական գործունեության որակի կամ համապատասխանության վրա.
- 2) բուժաշխատողն իր մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում պարտավոր է բացառել շահերի բախումը: (Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ բուժաշխատողի` պացիենտի շահերից գործելու պարտականությունը վտանգվում է կամ կարող է վտանգվել կամ որևէ այլ կերպ ներազդեցություն ունենալ՝ ելնելով բուժաշխատողի, նրան փոխկապակցված անձանց և երրորդ անձանց միջև առկա մասնավոր հարաբերություններից: Սույն կետի իմաստով փոխկապակցված անձ հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով:).
Պետք է նշել, որ դեղերի մասով համանման պահանջ առկա է «Դեղերի մասին» օրենքում, որի 28-րդ հոդվածի 13-րդ մասում, համաձայն որի բժշկական և դեղագործական համակարգում գործունեություն իրականացնող անձանց շրջանում դեղեր գովազդելիս արգելվում է առաջարկել, տրամադրել կամ խոստանալ դեղերի անվճար նմուշներ, նվերներ, շահույթ կամ վարձատրություն՝ դրամական կամ իրային արտահայտությամբ: Բժշկական և դեղագործական համակարգում գործունեություն իրականացնող անձանց արգելվում է պահանջել կամ ընդունել ցանկացած կարգի խրախուսում, բացառությամբ գնային զեղչերի և արտոնությունների, ինչպես նաև մասնագիտական և գիտական նպատակներով միջոցառումների աջակցությունը:
«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, մանկական սննդի և հարակից ապրանքների խրախուսումն արտադրողների և (կամ) բաշխողների կողմից արգելվում է: Խրախուսումը ի թիվս այլ ձևերի, ենթադրում է բուժաշխատողներին սնունդ և հարակից ապրանքներ նվիրելը կամ դրանք տրամադրելը հայտարարված մեծածախ գնից կամ մեծածախ գնի բացակայության դեպքում` մանրածախ գնի ութսուն տոկոսից ցածր գնով, բուժաշխատողներին նվերներ, այդ թվում՝ գրիչներ, օրացույցներ, պաստառներ, հուշատետրեր, նոթատետրեր, հասակաչափեր, մանկան աճի կամ զարգացման գրաֆիկներ, խաղալիքներ տրամադրելը. բուժաշխատողներին կամ բուժաշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին կամ արհեստակցական միություններին դրամական հատկացումներ տրամադրելը կամ առաջարկելը: «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի 13-րդ հոդվածի խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
Այն դեպքերում, երբ նվեր ընդունելու կամ այն հետագայում ընդունելու համաձայնության արգելքի կանոնի խախտումը ոլորտային օրենքով նախատեսված քրեական կամ վարչական պատասխանատվություն չի առաջացնում, այն առաջացնելու է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ էթիկայի հանձնաժողովի գործունեության իրավասության շրջանակում:
Կարևոր պարտականություն է բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեության մեջ շահերի բախման հնարավորությունը բացառելը (որպես կանոնի խախտման դեպք կարող է դիտարկվել պացիենտի ընտանիքի անդամի կամ այլ փոխկապակցված անձին պատկանող դեղատուն, ախտորոշիչ բուժհաստատություն կամ բուժաշխատողի մոտ ուղղորդելը, մեկ այլ օրինակ կարող է լինել բուժհաստատություն տեղափոխված վիրավոր պացիենտի մասին տվյալները ոստիկանություն, սահմանված կարգով, չհայտնելը, եթե պացիենտը, նման խնդրանքով դիմել է բժշկին և բժշկի հետ փոխկապակցված անձ է (օրինակ կարող է լինել չափահաս, գործունակ քաղաքացու անզգուշությամբ ծառից ընկնելու և ձեռքը վնասելու դեպքը): Այս դեպքը առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն, եթե արարքը հանցակազմ չի պարունակում, որի դեպքում օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն):
3. ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննելու համար «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքի համաձայն, ստեղծվում է էթիկայի հանձնաժողով: Այն մրցութային կարգով ձևավորվող, հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը բաղկացած է յոթ անդամից:
Էթիկայի հանձնաժողովում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ բուժաշխատողներից, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից, երկու իրավաբան, բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող երկու գիտական աշխատող կամ գիտնական, հոգեբան:
Էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել 35 տարին լրացած, բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Էթիկայի հանձնաժողովի անդամը հանձնաժողովում իր պարտականություններն իրականացնելիս անկախ է և առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ:
Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են յուրաքանչյուր քննվող գործով ստորագրել շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր: Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում: Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ներկայացնելու առկայության դեպքում հանձնաժողովի անդամը չի մասնակցում գործի քննությանը:
ՀՀ առողջապահության նախարարությանը շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են:
Էթիկայի հանձնաժողովում քննության են ենթակա բուժաշխատողի մասնագիտական էթիկայի՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները: եթե էթիկայի գործի քննության ընթացքում հայտնաբերվում են քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ կամ չի հաստատվում մասնագիտական էթիկայի կանոնների խախտման առկայությունը, էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
- 1) մերժել դիմումը կամ
- 2)դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում:
Իսկ օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման, Էթիկայի հանձնաժողովը՝
- 1) ՀՀ առողջապահության նախարարին առաջարկություն է ներկայացնում առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ,
- 2) մեկ տարվա ընթացքում կրկին բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարին առաջարկություն է ներկայացնում առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ,
- 3) մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարին առաջարկություն է ներկայացնում կասեցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:
Էթիկայի հանձնաժողովի կողմից նախատեսված որոշումների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկատվությունը փոխանցում է իրավասու մարմիններին որոշումներին ընթացք տալու կամ բժշկական հաստատություններին՝ բուժաշխատողի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու նպատակով:
Պետք է նշել, որ էթիկայի կանոնի խախտման հիմքով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի լիցենզիայի՝ տվյալ բուժաշխատողի մասով կասեցման պահանջը խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն ինչպես բուաշխատողի, այնպես էլ բժշկական օգություն և սպասարկում իրականացնողի համար:
Այսպես, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.24 հոդվածի համաձայն, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով օրենքի համաձայն արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը՝
բուժաշխատողի համար առաջացնում է տուգանք՝ 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամից մինչև 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք՝ 250000 ( երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամից մինչև 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Նույն արարքները, 1 տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք 350000 ( երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամից մինչև 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, Էթիկայի հանձնաժողովի անհատական կազմը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատում է ՀՀ առողջապահության նախարարը: (համապատասխան հրամանը դեռևս ընդունված չէ)