Բժշկական գաղտնիքը միջազգային իրավական փաստաթղթերի և ներպետական օրենսդրության համատեքստում

Գնալ կայք

Առողջության մասին տեղեկությունները անհատի համար զգայունության առավել բարձր մակարդակ պարունակող տեղեկությունների շարքին են դասվում ու, չնայած դրան, բժշկական գաղտնի տեղեկություններին առնչվող հատուկ միջազգային իրավական ակտեր ընդունված չեն: Բժշկական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են անձնական (մասնավոր) կյանքի հարգման իրավունքի և անձնական տվյալների պաշտպանության իրավակարգավորումների շրջանակում:

Այսպես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (ՀՀ կողմից վավերացվել է 2002 թվականին) 8-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուրի  անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքը: Միևնույն ժամանակ նույն հոդվածով սահմանվում է արգելք պետական մարմինների համար միջամտելու այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվեցիան (ՀՀ կողմից վավերացվել է 2012 թվականին) կարգավորում է անձնական տվյալների, այդ թվում առողջության հետ կապված տվյալների ավտոմատացված մշակման ոլորտում ծագող իրավահարաբերությունները: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական տվյալները, որոնք բացահայտում են ռասայական ծագումը, քաղաքական կարծիքները կամ կրոնական կամ այլ համոզմունքները, ինչպես նաև առողջությանը կամ սեռական կյանքին առնչվող անձնական տվյալները, չեն կարող մշակվել ավտոմատ կերպով, եթե ներպետական իրավունքը չի ապահովում համապատասխան երաշխիքներ: 

Կենսաբժշկության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիան) (ՀՀ-ն չի ստորագրել ու չի վավերացրել) ևս  բժշկական գաղտնիքին անդրադառնում է մասնավոր կյանքի հարգանքի իրավունքի համատեքստում: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Մասնավոր կյանքի և տեղեկատվության իրավունքը) համաձայն, յուրաքանչյուր ոք ունի մասնավոր կյանքի, այդ թվում՝ իր առողջության վերաբերյալ տեղեկատվության հանդեպ հարգանքի իրավունք: Յուրաքանչյուր ոք  ունի իր առողջության մասին հավաքված ցանկացած տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք: Ըստ Օվիեդոյի կոնվենցիայի, այնուամենայնիվ, անհատների  տեղեկացված չլինելու ցանկությունները ևս պետք է հաշվի առնվեն:

Կոնվենցիայով նաև սահմանվում է, որ բացառիկ դեպքերում, ելնելով պացիենտի շահերից, օրենքով կարող են նշված իրավունքի սահմանափակումներ կիրառվել:

Օվիեդոյի կոնվենցիայի բացատրական զեկույցում (այսուհետ՝ Զեկույց) հոդված 10-ին առնչվող պարզաբանումներում սահմանվում է, որ մասնավոր կյանքի, այդ թվում առողջության վերաբերյալ տեղեկատվության հանդեպ հարգանքի իրավունքը բացարձակ չէ և այն կարող է սահմանափակվել, բայց միայն օրենքով սահմանված կարգով:

Միևնույն ժամանակ Զեկույցում ասվում է, որ սեփական առողջության մասին տեղեկատվություն ստանալու իրավունքը ինքնին կարևոր իրավունք լինելով, սերտորեն առնչվում է բժշկական միջամտությանը համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու իրավունքի հետ: Զեկույցը նաև շեշտադրում է առողջության մասին տեղեկատվությունը իմանալուց հրաժարվելու իրավունքը, որը դիտարկվում է նույնպիսի իրավունք, որպիսին սեփական առողջության մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն է:

Զեկույցի համաձայն, հնարավոր է համարվում սեփական առողջության մասին տեղեկատվություն ստանալու կամ դրանից հրաժարվելու իրավունքի սահմանափակում՝ հիմք ընդունելով Օվիեդոյի կոնվենցիայի 26-րդ հոդվածը, որում ասվում է, որ իրավունքների և պաշտպանության պայմանների նկատմամբ կարող են կիրառվել օրենքով նախատեսված սահմանափակումներ՝ ելնելով հանրային անվտանգության շահերից, հանցագործությունները նախականխելու, հանրային առողջությունը կամ ուրիշների իրավունքները և ազատությունները պաշտպանելու համար: Որպես օրինակ կարելի է դիտարկել ժառանգականորեն փոխանցվող հիվանդության մասին տեղեկացված չլինելու իրավունքը, որի արդյունքում կարող են խախտվել երրորդ անձնաց իրավունքները:

Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտմանը առնչվող գործերի քննություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախատեսված չէ (այն ստեղծվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով ստանձնած պարտարավորությունների ապահովման նպատակով), այդուհանդերձ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի  8-րդ հոդվածի (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) համատեքստում դատարանը կարող է քննել առողջության վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության իրավունքի խախտումներին առնչվող գործեր: Պետք է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն իսկ առկա են մի շարք քննված գործեր՝ բժշկական գաղտնիության խախտման դեպքերով:

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, համաձայն Օվիեդոյի կոնվենցիայի 29-րդ հոդվածի, կարող է տրամադրել Կոնվենցիայի մեկնաբանությանը առնչվող խորհրդատվական կարծիքներ՝ հոդվածով սահմանված դեպքերում:

Օվիեդոյի կոնվենցիայի՝ բժշկական գաղտնի տեղեկություններին առնչվող պահանջներն ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ ներպետական օրենսդրությանը:

Բժշկական գաղտնի տեղեկությունների մասով ուղղակի և անուղղակի իրավական  կարգավորումներ սահմանված են՝

  • ՀՀ Սահմանադրությամբ.
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով.
  • «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով
  • «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով.
  • «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքով.
  • «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքով.
  • «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքով.
  • «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով.
  • Քրեական օրենսգրքով.
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով.
  • «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով.
  • Այլ իրավական ակտերով:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

 Սահմանադրական այս իրավունքի համատեքստում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ անձի առողջական վիճակի մասին տեղեկությունները հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են և, ըստ այդմ, համաձայն նույն օրենքի 12-րդ հոդվածի, առանց անձի համաձայնության արգելվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը («Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն,   մշակում է հանդիսանում անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբը, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ) բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Իրավական այս  նորմն իր հատուկ կարգավորումները ստացել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որտեղ սահմանվում է բժշկական գաղտնիքի հասկացությունը, դրա մշակմանը ներկայացվող պահանջները:

Ըստ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու  ընթացքում պարզված տվյալներ են:

Փաստորեն, օրենքը բժշկական գաղտնիքի ծավալուն սահմանում է տվել՝ գաղտնի ճանաչելով ոչ միայն բուն առողջական վիճակի մասին տեղեկությունները, այլև՝ նույնիսկ բժշկական օգնության և սպասարկման դիմելու մասին և դրա ընթացքում ստացված ցանկացած տեղեկատվությունը:

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն տվյալները, որոնք չնայած, որ պարունակում են առողջության մասին տվյալներ և առերևույթ կարող են դիտարկվել որպես գաղտնի տվյալներ, բայց չեն համարվում այդպիսին: Դրանք ապանձնավորված տվյալներն են, որոնց միջոցով հնարավոր չէ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի (բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության գրավոր ձևը սահմանվել է ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 08-ի N 47-Ն հրամանով):

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, փոխանցում է համարվում այդ բժշկական գաղտնիք համարվող տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված որևէ գործողություն (անգործություն), այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով գաղտնիք համարվող տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով այլ անձի մատչելի դարձնելը (օրինակ կարող է լինել  որևէ միջավայրում, նույնիսկ մեկ անձին կոնկրետ անձի  առողջության, ստացած բժշկական օգնության տվյալներ փոխանցելը, սոցիալական հարթակներում տեղեկություններ, այդ թվում տեսա կամ լուսանկարներ տեղադրելը, որոնց միջոցով հնարավոր կլինի նույնականացնել անձին):

Առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի, բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել հիմնականում 3 խումբ սուբյեկտների՝

  • hանրային իշխանության մարմիններին և պաշտոնատար անձանց.
  • անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին, բուժաշխատողներին.
  • պացիենտի կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամներին:

Օրենքի իմաստով՝

  • ա.ընտանիքի անդամ են  համարվում հայրը, մայրը, օրինական ներկայացուցիչը, ամուսինը, ամուսնու ծնողները, որդեգրողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, այդ թվում՝ որդեգրվածը: ՀՀ օրենսդրության ընդհանուր կանոնի համաձայն, չափահաս է համարվում 18 տարին լրացած անձը:
  • բ.կոնտակտային անձ է համարվում պացիենտի լիազորած, չափահաս, գործունակ անձ, որի հետ առաջնահերթության կարգով անհրաժեշտության դեպքում բուժաշխատողը կարող է կապ հաստատել՝ կապված պացիենտի առողջական վիճակի, դրա հետագա ընթացքի հետ, իսկ անգիտակից պացիենտի դեպքում՝  բժշկական միջամտություն իրականացնելու համար, և որի վերաբերյալ տվյալները պացիենտը տրամադրում է առաջին անգամ բժշկական  օգնության և սպասարկման դիմելիս՝ հետագայում նրան փոխելու հնարավորությամբ:

Այսպես, օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, բժշկական գաղտնիք համարվող տվյալները Կառավարության սահմանած կարգով (կարգը դեռևս ընդունված չէ) կարող են փոխանցվել միայն՝

  • 1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝ պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ պացիենտին տրամադրել բժշկական օգնություն և սպասարկում․
  • 2) ՀՀ առողջապահության նախարարությանը՝

ա. ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին՝ վարակիչ, ինչպես նաև քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում, և լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում,

բ.  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի և որակի ստուգման աշխատանքներ իրականացնելիս․

  • 3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով․
  • 4) ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով զինվորական կոմիսարիատների կամ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժողովների հարցման դեպքում․
  • 5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմնին՝ բժշկասոցիալական փորձաքննություն և վերափորձաքննություն իրականացնելու նպատակով․
  • 6) անգիտակից պացիենտի կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամներին: Սույն կետի իմաստով՝ ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, օրինական ներկայացուցիչը, ամուսինը, ամուսնու ծնողները, որդեգրողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, այդ թվում՝ որդեգրվածը․
  • 7) սույն օրենքով նախատեսված դեպքերում գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացնողներին․
  • 8) ոստիկանությանը՝ բժշկական հաստատություն տեղափոխված այն պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) մասին, որի վերաբերյալ առկա են կասկածներ, որ առողջության վատթարացումը կամ մահը հետևանք է բռնի, ներառյալ՝ հակաօրինական գործողությունների․
  • 9) քննիչին, դատախազին, դատարանին՝ իրենց վարույթային պարտականությունները կատարելիս, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա․
  • 10) արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկին, արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին՝ օրենքով նախատեսված դեպքերում․
  • 11) ՀՀ առողջապահության նախարարությանը (ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին) և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝ սույն օրենքով նախատեսված՝ առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով․
  • 12) Կառավարության լիազորած՝ առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին)՝ առողջապահության, աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս:

Այդուհանդերձ, նշված հիմքերով կամ սուբյեկտների պահանջով բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցելիս ելակետային պետք է համարվեն օրենքի 11-րդ հոդվածի կարգավորումները և պահանջի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը (օրինակ՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմնի կողմից կոնկրետ անձի բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության հետ չառնչվող  գործառույթ իրականացնելու դեպքում բժշկական գաղտնի տվյալ չի կարող փոխանցվել կամ առանց հստակ հիմքի, վարույթային պարտականություններից դուրս,  պարզապես պահանջ ներկայացնելու դեպքում իրավապահ մարմնին չի կարող բժշկական գաղտնի տեղեկություններ տրամադրվել): Առանց հստակ իրավական հիմքի ներկայացման, հանրային իշխանության մարմինների կամ այլ սուբյեկտների կողմից ներկայացող հարցումները կամ դիմումները ենթակա են մերժման:

Գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացնողներին առանց անձի կամ օրինական ներկայացուցչի համաձայնության, բժշկական գաղտնի տեղեկությունների փոխանցումը ունի որոշ նախադրյալ պայմաններ: Այսպես, գիտնականները և գիտական աշխատողներն առողջապահության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու նպատակով իրավունք ունեն բժշկական փաստաթղթեր հետազոտելու (մշակելու)՝ միայն դրանց միջոցով անձին նույնականացնելու հնարավորությունը բացառող միջոցներ (ծածկաշերտեր կիրառելով կամ բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերում ներառված անձնական տվյալներ չպարունակող հատվածները տրամադրելով կամ որևէ այլ ձևով դրանք ապանձնավորելով) կիրառելու դեպքում:

Այս գործի պատասխանատուն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողն է (իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը) և տվյալ բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթուղթը վարող բուժաշխատողը, բացառությամբ արխիվացված բժշկական փաստաթղթերի, որոնք բուժաշխատողի ենթակայության տակ չեն:

Եթե բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերում անձի նույնականացումը բացառող միջոցների կիրառումը թույլ չի տալիս հասնել տվյալ գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացման նպատակներին, կամ բժշկական փաստաթղթերում անձի նույնականացումը բացառող միջոցների կիրառումն անհնար է տեխնիկական պատճառներով, ապա անձնական, ներառյալ՝ հատուկ կատեգորիայի տվյալներ պարունակող բժշկական փաստաթղթերի հետազոտման (մշակման) միջոցով գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն կարող է իրականացվել առանց անձի համաձայնության՝ միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով (անձնական տվյալների պաշտպանության գործակալություն ծանուցելու ընթացակարգի ապահովում): Առանց անձի համաձայնության հետազոտված անձնական, ներառյալ՝ հատուկ կատեգորիայի տվյալները կարող են հրապարակվել միայն պացիենտի օրենքով սահմանված կարգով տրված համաձայնության դեպքում:

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, բժշկական հաստատություններում անձնական տվյալներ պարունակող բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի պահպանումը պետք է բացառի օրենքով սահմանված համապատասխան իրավասություն չունեցող անձանց՝ դրանց ծանոթանալու կամ պատճենահանելու կամ քաղվածքներ կատարելու կամ որևէ այլ եղանակով դրանցից տեղեկություններ ստանալու հնարավորությունը:

Ըստ այդմ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները իրենց ներքին ակտերով հստակ պետք է ապահովեն նշված հոդվածի ճշգրիտ և ամբողջական կիրարկումը՝ ներքին կարգապահական կանոններ, հատուկ ընթացակարգեր, աշխատանքի նկարագրեր, պարտականությունների և կարգապահական պատասխանատվության հստակ շրջանակ  սահմանելով:

Օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է առողջապահության բնագավառի տվյալների բազաներում պացիենտների բժշկական գաղտնի տվյալները, ինչպես և այդպիսին չհանդիսացող անձնական տվյալները (օրինակ՝ տարիք, սեռ, քաղաքացիություն, ազգություն), առանց պացիենտի համաձայնության մշակելու հնարավորությունը: Ըստ այդմ, առանց պացիենտի, նրա օրինական ներկայացուցչի վերը նշված և օրենքով սահմանված մի շարք այլ տվյալներ մշակվում են երկու հիմնական խումբ նպատակների համար, մեկը՝ ՀՀ առողջապահության նախարարության լիազորությունների և օրենսդրությամբ ստանձնած հանձնառությունների, մյուսը՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների օրենսդրությամբ նախատեսված գործառույթների պատշաճ իրականացման համար:

Բժշկական գաղտնիքի պահպանման պարտականությանը զուգահեռ, օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է բժշկական գաղտնի տվյալներին առնչվող պացիենտի մի շարք իրավունքներ: Դրանք են՝

  • օրենքով սահմանված կարգով իրազեկ լինելու իր հիվանդությանը.
  • ծանոթանալու իր բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերին կամ ստանալու դրանց պատճենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով․
  • հրաժարվելու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալուց կամ լիազորելու իր փոխարեն օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղեկատվություն ստանալու.
  • ստանալու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն:

Պացիենտի՝ իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալուց հրաժարվելու իրավունքը կարող է իրացվել  գրավոր կարգով (31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ), ինչը ենթադրում է պացիենտի հստակ ձևակերպված կամահայտնությունը, ստորագրությունը, հրաժարման ամսաթիվը: Ինչ վերաբերում է կոնտակտային անձին լիազորելու նորմին, ապա լիազորման ձևը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով լիազորագրերին ներկայացվող պահանջներին:

Օրենքի 28-րդ և 31-րդ հոդվածների համապատասխան, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և բուժաշխատողները պարտավոր են պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (բացառություն կազմող դեպքերը արդեն իսկ վերևում ներկայացվել են):

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն բժշկական գաղտնիքի հրապարակման դեպքում: Հոդվածի համաձայն, բժշկական գաղտնիքի հրապարակում է համարվում բժշկական գաղտնիքի փոխանցումը հիմնական  հետևյալ եղանակներով՝

ա.բժշկական գաղտնիք պարունակող տվյալը, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, ապօրինաբար մեկ այլ անձի հայտնելը կամ

բ. բժշկական գաղտնիք պարունակող տվյալը, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը:

Այս հանցագործության դեպքում քրեական պատասխանատվության  սուբյեկտը օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողն է՝ օրինակ՝ բուժաշխատողը, մատենավարը կամ ցանկացած մեկ այլ սուբյեկտ, որը օրինական հիմքերով իրականացնում է բժշկական գաղտնի տվյալների մշակում:

Քրեական օրենսգիրքը այս արարքների համար պատասխանատվություն է սահմանում կա՛մ տուգանքի, կա՛մ հանրային աշխատանքների կա՛մ ազատության սահմանափակման կա՛մ կարճատև ազատազրկման կա՛մ ազատազրկման կա՛մ  որոշակի պաշտոններ զբաղեցնելու կա՛մ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով:

Ընդ որում, պետք է հատուկ ընդգծել, որ նշված արարքների կատարումը բուժաշխատողի կողմից կամ որը անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի, անձի պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը նվաստացնելուն կամ այլ ծանր հետևանքի, առաջացնում է ավելի խիստ պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.17 հոդվածի համաձայն, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի տարբեր պահանջների խախտման համար նախատեսված է տուգանք՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամից մինչև 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Օրինակ,  անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելը՝առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամից մինչև 300000 (երեք հարյուր հազար)  ՀՀ դրամ:

Պետք է նկատի ունենալ, որ բժշկական գաղտնիքի հետ կապված օրենսդրական կամ աշխատանքային պահանջների խախտումը կարող է առաջացնել նաև կարգապահական պատասխանատվություն, եթե գործատուն իր ներքին իրավական ակտերով դրանց խախտման համար նախատեսել է համապատասխան պատասխանատվություն:

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  օրենքներով սահմանված կարգավորումները բխում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  օրենքից և դրա կարգավորումներից տարբերվող առանձնահատուկ նորմեր չեն պարունակում:

Առանձնահատուկ կարգավորումներ է պարունակում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9.1 հոդվածը, որի 2-րդ մասի համաձայն, առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են տվյալներ մշակողներին օրենքի հիման վրա վրա ստացվող տվյալների հետ համադրման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ձևով և կարգով տրամադրել տվյալներ համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ: Տվյալներ մշակողները կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներից պահանջել և ստանալ  նշված տվյալները:

Այս կանոնը գործում է արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության յուրաքանչյուր դեպքով ընդունված որոշմամբ նախատեսված դեպքերում:

Ամփոփելով կարելի է արձանագրել բժշկական գաղտնիքին վերաբերող իրակարգավորումները համապատասխանում եմ միջզգային փաստաթղթերով սահմանված պահանջներին:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group