Տեղեկացված համաձայնությունը միջազգային իրավական փաստաթղթերի եվ ներպետական օրենսդրության համատեքստում

Գնալ կայք

Մարդու արժանապատվության՝ որպես բարձրագույն արժեքի մասին դրույթները մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հիմնական միջազգային փաստաթղթերի խարիսխն են հանդիսանում, որոնց շուրջ կառուցվում է իրավունքների և ազատությունների ու դրանց պաշտպանության մեխանիզմների ողջ համակարգը:

Այսպես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս) 1-ին հոդվածը սահմանում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով։ Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն։

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (ՀՀ-ն միացել է  դաշնագրին 1993 թվականին) սահմանում է, որ մարդու  իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից և մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է:

Համանման դրույթներ ունեն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (ՀՀ-ն միացել է  դաշնագրին 1991 թվականին) և մարդու իրավունքներին վերաբերող այլ միջազգային փաստաթղթեր:

Առողջապահության ոլորտում մարդու արժանապատվությանը լայն համատեքստում անդրադառնում է Կենսաբժշկության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան  (այսուհետ՝ Օվիեդոյի կոնվենցիա) (ՀՀ-ն չի ստորագրել ու չի վավերացրել), որի 1-ին հոդվածով որպես կոնվենցիայով սահմանվող նպատակ հռչակվում է մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությունը:

Մարդու արժանապատվության պաշտպանության ապահովման գործընթացում առանցքային դեր ունի ինքնավարությունը՝ մարդու՝ իր կյանքի վերաբերյալ  սեփական կամքին համապատասխան որոշումներ կայացնելու երաշխավորված իրավունքը, որը կյանքի տարբեր բնագավառներում տարբեր դրսևորումներ կարող է ունենալ: Առողջապահության ոլորտում  այն  դիտարկվում է սեփական առողջության, ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ դրանից հրաժարվելու մասով ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու օրենսդրությամբ ապահովված հնարավորության համատեքստում: Բնականաբար, նման հնարավորության պատշաճ ապահովման նախադրյալներ են՝ իրազեկվածությունը, գիտակցականության առկայությունը, ազատ կամահայտնությունը, որևէ հարկադրանքի բացակայությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը:

Օվիեդոյի կոնվենցիան, ինչպես և դրա օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման, բժշկական նպատակներով գենետիկական թեստավորման, կենսաբժշկական հետազոտությունների մասին լրացուցիչ արձանագրությունները համապարփակ կարգավորումներ են սահմանում բժշկական օգնություն մասին տեղեկատվություն ստանալու և դրան համաձայնություն տալու կամ հրաժարվելու հետ կապված հարաբերությունների մասով:

Այսպես, Օվիեդոյի կոնվենցիայի 2-րդ գլուխը նվիրված է համաձայնության ինստիտուտին: 2-րդ գլխի 5-րդ հոդվածը սահմանում է համաձայնությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածները սահմանում են համաձայնության տալու առանձնահատկությունները այն տալու ոչ ունակ անձանց, հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց և արտակարգ իրավիճակներում հայտված անձանց բժշկական օգնության տրամադրման գործընթացում: Հիշյալ գլխի, ինչպես և ողջ կոնվենցիայի, դրա լրացուցիչ արձանագրություններում առկա դրույթները մեկնաբանվել են համապատասխան բացատրական զեկույցներում:

Օվիեդոյի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն.

«Բժշկական ցանկացած միջամտություն հնարավոր է միայն շահագրգիռ անձի ազատ և գիտակցված համաձայնությամբ:

Անձը նախապես ստանում է պատշաճ տեղեկատվություն միջամտության նպատակի և բնույթի, ինչպես նաև հետևանքների և վտանգների մասին:

Շահագրգիռ անձը կարող է ցանկացած պահի հրաժարվել իր համաձայնությունից»:

«Բժշկական ցանկացած միջամտություն» հասկացությունը, համաձայն Օվիեդոյի կոնվենցիայի բացատրական զեկույցի, բժշկական ցանկացած գործողություն է՝ լինի դա կանխարգելիչ որևէ միջամտություն, ախտորոշում, բուժում, վերականգնողական թե այլ բժշկական միջամտություն:

Ըստ նույն բացատրական զեկույցի, «ազատ և գիտակցված համաձայնությունը» ենթադրում է, որ այն տրվում է բուժաշխատողի կողմից ներկայացված օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, որը ներառում է պլանավորված միջամտության, դրա հետևանքների, ռիսկների կամ այլընտրանքների բնույթի և հնարավոր հետևանքների մասին անհրաժեշտ տվյալները:

«Ազատ և գիտակցված համաձայնությունը» ենթադրում է, որ տրամադրվող տեղեկատվությունը պետք է բավականաչափ պարզ և պատշաճ ձևակերպվի այն անձի համար, ում այն տրամադրվում է: Պետք է օգտագործվի հնարավորինս հասկանալի տերմինաբանություն, որպեսզի պացիենտը լիովին հասկանա միջամտության բնույթը, դրա նպատակները, հետևանքները, ռիսկերը:

«Ազատ և գիտակցված համաձայնության» ներքո կոնվենցիան դիտարկում է նաև անձի ազատությունը ցանկացած պահի հրաժարվելու տրված համաձայնությունից, սակայն կոնվենցիայի բացատրական զեկույցը հնարավոր է համարում չբացարձականացնելու այս իրավունքը, որպես օրինակ ներկայացնելով վիրահատության ընթացքում պացիենտի հայտնած ցանկությունը ընդհատել այն: Այս դեպքում համապատասխան մասնագիտական չափանիշներն ու պարտքը պարտավորեցնում են բուժաշխատողին շարունակել տրամադրել բժշկական օգնությունը՝ ելնելով հենց պացինետի շահերից և նպատակ ունենալով զերծ պահել բժշկական միջամտության ընդհատմամբ պացիենտի կյանքին և առողջությանը հասցվելիք վնասներից:

Օվիեդոյի կոնվենցիան համաձայնություն տալու հատուկ ձևեր չի սահմանում, ինչը ենթադրում է, որ այն կարող է տրվել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր կարգով: Այդուհանդերձ, կոնվենցիայի բացատրական զեկույցում ձևի ընտրությունը առաջարկվում է կապել  առավելապես բժշկական միջամտության բնույթի հետ՝ որպես բանավոր համաձայնության դեպքեր սահմանելով առավել ռուտինային, սովորական բժշկական միջամտությունները, իսկ գրավոր համաձայնության պարտադիր պահանջ սահմանել ինվազիվ միջամտությունների համար:

Օվիեդոյի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն.

  • «1...համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի դեպքում միջամտությունը հնարավոր է բացառապես նրա անմիջական շահից ելնելով:
  • 2. Երբ, օրենքի համաձայն, անչափահաս անձը չունի միջամտությանը համաձայնություն տալու կարողություն, այդ միջամտությունը կարող է կատարվել միայն նրա ներկայացուցչի կամ օրենքով նախատեսված անձի կամ մարմնի թույլտվությամբ: Անչափահասի կարծիքը հաշվի է առնվում որպես որոշիչ գործոն, որի կշիռն ավելանում է՝ նրա տարիքից և հասունության աստիճանից ելնելով:
  • 3. Երբ, օրենքի համաձայն, անգործունակ ճանաչված չափահաս անձը հոգեկան առողջության, հիվանդության կամ նման այլ պատճառներով չի կարող իր համաձայնությունը տալ միջամտությանը` այդ միջամտությունը կարող է կատարվել միայն նրա ներկայացուցչի կամ օրենքով նախատեսված անձի կամ մարմնի թույլտվությամբ: Շահագրգիռ անձը, հնարավորության սահմաններում, մասնակցում է թույլտվություն տալու ընթացակարգին:
  • 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված ներկայացուցիչը, իշխանության մարմինը, անձը կամ հաստատությունը նույն պայմաններով ստանում է 5-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:
  • 5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված թույլտվությունը շահագրգիռ անձի շահերից ելնելով կարող է ցանկացած պահի հետ կանչվել»:
    Օվիեդոյի կոնվենցիայի 6-րդ հոդվածը կարգավորում է անչափահասներին և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բժշկական միջամտություն իրականացնելու համար անհրաժեշտ համաձայնություն ստանալու պահանջները»:

Մասնավորապես՝ անչափահասների մասով, պահանջվում է ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությունը,  հոգեկան առողջության կամ հիվանդության կամ նման այլ պատճառներով համաձայնություն տալու անկարող անձանց դեպքում՝ օրինական ներկայացուցչի կամ անձի համաձայնությունը, որը օրենսդրությամբ իրավասու է տալու համաձայնություն:

Հատկանշական է, որ թե՛ անչափահասի, թե՛  հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց պարագայում 6-րդ հոդվածը սահմանում է պահանջ, հնարավորության դեպքում անձին մասնակից դարձնել թույլտվության տրամադրման գործընթացին, ընդ որում անչափահասի դեպքում, հաշվի առնելով նրա տարիքը, հասկանալու ունակությունը, միջամտության բնույթը և լրջությունը, նրա կարծիքը առավել մեծ կշիռ պետք է ունենա ընդունվող որոշման մեջ:

Բացի այդ, հոդվածը պացիենտներին համահավասար, ներկայացուցիչների համար նույնական իրավունքներ է սահմանում է տեղեկատվության, դրա, ծավալի, ռիսկերի, հետևանքների մասով իրազեկված լինելու, ինչպես և համաձայնությունը հետ կանչելու մասով: Սակայն համաձայնության հետկանչի համար, ի տարբերություն պացիենտի, որը ազատ է առանց պատճառաբանության հետ կանչել իր համաձայնությունը, ներկայացուցչի համար որպես պարտադիր պայման սահմանվում է պացինետի շահերից գործելու հանգամանքը:

Օվիեդոյի կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն.

«Օրենքով նախատեսված պաշտպանության պայմանները, այդ թվում` վերահսկողության, հսկողության և բողոքարկման ընթացակարգերն ապահովելու դեպքում, հոգեկան լուրջ խանգարում ունեցող անձը կարող է առանց իր համաձայնության ենթարկվել միջամտության, որի նպատակն է բուժել հոգեկան խանգարումը, միայն այն դեպքում, երբ առանց նման բուժման իր առողջությանը կարող է հասցվել լուրջ վնաս»:

Այս հոդվածով կոնվենցիան առանց անձի համաձայնության թույլատրում է բժշկական միջամտությունը այն դեպքերում.

  • ա. երբ անձը ունի լուրջ խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության հետ.
  • բ. երբ օրենդրությամբ առկա են վերահսկողության, հսկողության և բողոքարկման հստակ ընթացակարգեր.
  • գ. և եթե առանց բուժման թողնելը անձի հոգեկան առողջությունը լրջորեն կվատթարացնի:

Հոդվածի կիրարկման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հոդվածի կարգավորումների համաձայն,  բուժումը վերաբերում է բացառապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին (հոգեկան կամ վարքի խանգարումներ) և ոչ թե սոմատիկ խնդիրներին, վնասի կանխատեսումը վերաբերում է միայն բուն  հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձի, այլ ոչ թե շրջապատի առողջությանը:

Օվիեդոյի կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն.

«Եթե արտակարգ իրավիճակի հետևանքով հնարավոր չէ ստանալ պատշաճ համաձայնությունը` շահագրգիռ անհատի առողջության շահերից ելնելով ցանկացած անհրաժեշտ բժշկական միջամտություն կարող է իրականացվել առանց հետաձգման»:

Բացատրական զեկույցը չի սահմանում «արտակարգ իրավիճակ» հասկացությունը, այդուհանդերձ, ներկայացված պարզաբանումների կոնտեքստից կարելի է հասկանալ, որ այն հավասարապես վերաբերվում է ինչպես տարատեսակ աղետներին (տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետ, համաճարակ, որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթար,  զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ), այնպես էլ իրավիճակներին, երբ անհրաժեշտ է անձի համաձայնությունը, սակայն նա ունակ չէ տալու համաձայնություն (կոմայի մեջ է կամ հնարավոր չէ կապ հաստատել օրինական ներկայացուցչի հետ), իսկ պացիենտի առողջական վիճակը անհետաձգելի միջամտություն է պահանջում:

Արտակարգ իրավիճակներում առանց անձի համաձայնություն բժշկական միջամտության պայմաններն են՝

  • ա. Կյանքին սպառնացող վտանգը և բժշկական միջամտության հետաձգման անհնարինությունը.
  • բ.համաձայնություն ստանալու անհնարինությունը.
  • գ.պացիենտի առողջության հետ կապված շահերը:

Այնուամենայնիվ, այս պայմանները չեն բացառում բուժաշխատողի կողմից հնարավոր ջանքերի գործադրումը՝ համաձայնություն ստանալու մասով, բոլոր այն դեպքերում, երբ դա ողջամիտ է և չի վնասի անձի շահերին:

Օվիեդոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն.

«Բժշկական միջամտության վերաբերյալ պացիենտի նախապես հայտնած ցանկությունները հաշվի են առնվում, եթե միջամտության պահին նա ի վիճակի չէ հայտնել իր ցանկությունը»:

Այս նորմը կարևոր է անձի ինքնավարության շրջանակների ընդլայնման մեխանիզմներ սահմանելու տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս որոշումներ կայացնել ելնելով ոչ միայն ներկայի իրողություններից, այլև ապագայի հեռանկարից: Այս նորմով երաշխավորվում է ապագայում առողջության հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում անձի հայտնած ցանկություններին ընդառաջ գնալու հնարավորությունը: Դեպքերը կարող են ներառնել արտակարգ տարաբնույթ վիճակների կանխատեսումը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրները, մտավոր խնդիրները, անբուժելի հիվանդությունները:

Այդուհանդերձ, կոնվեցիայի բացատրական զեկույցը հատուկ ընդգծում է, որ այս հնարավորությունը բուժաշխատողների կողմից չպետք է միանշանակորեն հաշվի առնվի, եթե պացիենտի նախկինում արտահայտած ցանկությունները բժշկագիտության զարգացման առկա հնարավորություններին համահունչ չեն, այսինքն, եթե նախկինում չբուժվող որևէ հիվանդության վրա հասնելու պարագայում անձը ցանկություն է հայտնել չենթարկվել բժշկական միջամտության, սակայն այն ներկայում բուժման ենթակա է, ուստի նախկինում արտահայտված ցանկությունը կարող է հաշվի չառնվել:

Բոլոր դեպքերում նախկինում արտահայտված ցանկությունների մասով, բուժաշխատողները մշտապես պետք է հիմնվեն առկա իրողությունների և գիտության, բժշկագիտության, տեխնիկական առաջընթացի տված հնարավորությունների վրա:

Օվիեդոյի կոնվենցիայի բժշկական նպատակներով գենետիկական թեստավորման մասին լրացուցիչ արձանագրությունն ընդհանուր առմամբ գենետիկ հետազոտությունների մասով համաձայնություն տալու և ստանալու հիմնական մոտեցումներն են կրկնում, առանձին դեպքերում սահմանելով լրացուցիչ պահանջներ:

Այսպես, լրացուցիչ արձանագրության 10-րդ հոդվածը սահմանում է.

«Սույն Արձանագրության ... համաձայն` համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի գենետիկական թեստավորումը հնարավոր է բացառապես նրա ուղղակի շահից ելնելով:

Եթե օրենքի համաձայն անչափահաս անձը չունի համաձայնություն տալու կարողություն, նման անձի գենետիկական թեստավորումը հետաձգվում է մինչև նման կարողություն ձեռք բերելը, բացառությամբ, երբ նման ուշացումը վնաս է հասցնում նրա առողջությանը կամ բարօրությանը»:

Այս նորմի համատեքստում անչափահասների և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց գենետիկ հետազոտությունների դեպքում պետք է հստակ հիմնավորվի նրանց ուղղակի շահը և հիմնավորումները հստակ պետք է փաստաթղթավորվեն:

Անչափահասների պարագայում սահմանվում է լրացուցիչ պահանջ հետաձգել գենետիկ հետազոտությունների իրականացումը մինչև լրիվ գործունակության ձեռք բերումը, բացառությամբ այն դեպքերի, երբ կանխատեսող հետազոտությունները հիվանդությունների կանխարգելման համար որոշիչ դեր ունեն և կարող են դրանց զարգացումը կանխել մինչև գործունակության տարիքի վրա հասնելը: Այդուհանդերձ, բացառությունը վերաբերվում է ոչ միայն առողջության պահպանման նպատակին, այլ անձի բարօրությանը վնաս չհասցնելու նպատակադրմանը, որը այս հոդվածի կոնտեքստում ունի ընդարձակ մեկնաբանման հնարավորություն:

Լրացուցիչ արձանագրության 13-րդ հոդվածի համաձայն, ստորև ներկայացվում են համաձայնություն տալու ոչ ունակ անձանց՝ առանց նրանց համաձայնության գենետիկ հետազոտություն իրականացնելու պայմանները, որտեղ հետազոտվողի ուղղակի շահը պետք է առկա լինի և գրավոր հիմնավորվի: Դրանք են՝

  • ա. թեստի նպատակն է հնարավորություն տալ ընտանիքի շահագրգիռ անդամին(անդամներին) ստանալ կանխարգելման, ախտորոշման կամ թերապևտիկ օգուտ, որը անկախ  գնահատվել է որպես նրա(-նց) առողջության համար կարևոր, կամ հնարավորություն տալ նրան(-ց) գիտակցված վերարտադրողական ընտրություն կատարել.
  • բ. առանց այս թեստի իրականացման հնարավոր չէ ստանալ նախատեսվող օգուտը.
  • գ. միջամտությունը նվազագույն վտանգներ է պարունակում և նվազագույն բեռ է առաջացնում թեստավորվող անձի համար.
  • դ. անկախ գնահատման համաձայն, ակնկալվող օգուտն էապես գերակշռում է մասնավոր կյանքի համար վտանգը, որը հնարավոր է առաջանա թեստի արդյունքները ստանալուց, մշակելուց կամ հաղորդելուց.
  • ե. ստացվել է համաձայնություն տալու կարողություն չունեցող անձի օրենքով նախատեսված ներկայացուցչի կամ իշխանության մարմնի կամ անձի կամ կազմակերպության թույլտվությունը.
  • զ. համաձայնություն տալու կարողություն չունեցող անձը, իր կարողությանը և հասունության աստիճանին համաչափ, մասնակցում է թույլտվություն տալու ընթացակարգին: Թեստը չի իրականացվում, եթե տվյալ անձն առարկում է դրան:

Պետք է հաշվի առնել, որ նշված պահանջները գործում եմ համակցված, այլ ոչ առանձին-առանձին և դրանց բոլորի միաժամանակյա առկայությունն անհարժեշտ է համապատասխան գենետիկ հետազոտությունը իրականացնելու համար:

Օվիեդոյի կոնվենցիայի կենսաբժշկական հետազոտությունների մասին լրացուցիչ արձանագրությունը ևս ունի լրացուցիչ կարգավորումներ կենսաբժշկական հետազոտությունների մասնակիցների համաձայնությունը ստանալու մասով:

Այս իմաստով, արձանագրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ անձի նկատմամբ հետազոտություն հնարավոր է միայն նրա գիտակցված, ազատ, աներկբա, հստակ և փաստաթղթավորված համաձայնությամբ: Հետազոտության ցանկացած փուլում անձը կարող է ազատ հետ կանչել այդ համաձայնությունը:

Միևնույն ժամանակ արձանագրությամբ ամրագրված է, որ եթե անձի` գիտակցված համաձայնություն տալու կարողությունը կասկածելի է, գործում են մեխանիզմներ, որոնք տալիս են հավաստիացում` տվյալ կարողության առկայության կամ բացակայության մասին:

Վերջին պարբերության մասով լրացուցիչ արձանագրության բացատրական զեկույցը նշում է, որ հավաստիացում ասելով ոչ միշտ պետք է ենթադրել դատական ընթացակարգ, այլև մասնագիտական գործընթացներ, որոնք կհաստատեն անձի գիտակցված համաձայնություն տալու կարողությունը:

Լրացուցիչ արձանագրությունը հնարավոր է համարում նաև համաձայնություն տալու ոչ ունակ անձանց մասնակցությունը կենսաբժշկական հետազոտություններին, եթե միաժամանակ բավարարվում են ներքոնշյալ պայմանները.

  • ա. հետազոտության արդյունքները կարող են իրական և ուղղակի դրական ազդեցություն ունենալ նրա առողջության վրա.
  • բ. համադրելի արդյունավետության հետազոտություն հնարավոր չէ կատարել համաձայնություն տալու ունակ անձանց վրա.
  • գ. հետազոտությանը մասնակցող անձը տեղեկացվել է իր պաշտպանության համար օրենքով նախատեսված իրավունքների և երաշխիքների մասին, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ անձն ի վիճակի չէ ընկալել այդ տեղեկատվությունը.
  • դ.կենսաբժշկական հետազոտության համար լրացուցիչ արձանագրությամբ նախատեսվող ողջ տեղեկատվությունը ստանալուց հետո և հաշվի առն»ելով անձի նախկինում հայտնած ցանկությունները կամ առարկությունները
  • ե. օրենքով նախատեսված օրինական ներկայացուցիչը կամ իշխանության մարմինը, անձը կամ կազմակերպությունը հստակ տվել է անհրաժեշտ գրավոր թույլտվությունը: Համաձայնություն տալու կարողություն չունեցող չափահաս անձը, հնարավորության սահմաններում, մասնակցում է թույլտվություն տալու ընթացակարգին: Անչափահասի կարծիքը հաշվի է առնվում որպես որոշիչ գործոն, որի կշիռն ավելանում է նրա տարիքից և հասունության աստիճանից ելնելով.
  • զ. շահագրգիռ անձը չունի առարկություններ:

 Բացառիկ և օրենքով սահմանված պաշտպանության պայմանների առկայության դեպքերում, եթե հետազոտությունը չի կարող տալ շահագրգիռ անձի առողջության համար հնարավոր անմիջական օգուտներ պարունակող արդյունքներ, նման հետազոտության թույլտվություն կարող է տրվել, նախորդ բ.-ից զ. կետերի պայմաններին գումարած հետևյալ լրացուցիչ պայմանները.

  • ա.հետազոտության նպատակն է անհատի վիճակի, հիվանդության կամ խանգարման մասին գիտական ընկալման էական խորացման միջոցով, ի վերջո, ստանալ արդյունքներ, որոնք կարող են դրականորեն ազդել շահագրգիռ անձի առողջության կամ նույն տարիքային խմբի կամ նույն հիվանդությունը կամ խանգարումն ունեցող կամ նույն վիճակում գտնվող այլ անձանց վրա.
  • բ. հետազոտությունը նվազագույն վտանգներ է պարունակում և նվազագույն բեռ է առաջացնում շահագրգիռ անձի համար, իսկ հետազոտության հնարավոր լրացուցիչ օգուտների փաստը չի օգտագործվում հավելյալ վտանգը կամ բեռն արդարացնելու համար:

Օվիեդոյի կոնվենցիայի մարդկային ծագման օրգանների և հյուսվածքների մասին լրացուցիչ արձանագրությունը ևս համաձայնության վերաբերյալ ընդհանուր կարգավորումներից զատ, ունի որոշ հատուկ դրույթներ, որոնք  պայմանավորված են օրգաննների և հյուսվածքների փոխպատվաստման, որպես հատուկ բժշկական միջամտության, բնույթով:

Նախևառաջ լրացուցիչ արձանագրության 12-րդ հոդվածը սահմանում է, որ օրգանների կամ հյուսվածքների դոնորին կամ համաձայնություն տալու իրավասություն ունեցող անձին կամ մարմնին, նախապես, մինչև օրգան կամ հյուսվածք վերցնելը,  պատշաճ տեղեկություններ են տրամադրվում դրանք վերցնելու նպատակի, բնույթի, հետևանքների և վտանգների մասին: Բացի այդ, նրան տեղեկացվում են դոնորի պաշտպանության վերաբերյալ  օրենքով նախատեսված երաշխիքների և և իրավունքների, փոխպատվաստման մասին երկրորդ կարծիք ստանալու իրավունքի մասին, ինչը ևս հանդիսանում է բժշկական միջամտության մասին լրիվ, ամբողջական և հավաստի տեղեկատվության իրավունքի ապահովման գործիք:

Տեղեկացված լինելու իրավունքի շրջանակում դոնորին հստակ պետք է բացատրվի նաև որևէ պատճառով ռեցիպիենտի կողմից օրգանը կամ հյուսվածքը չընդունելու և դրա հնարավոր օգտագործման այլընտրանքների մասին:

Ինչ վերաբերում է դիակային դոնորներին, ապա հոդված 17-ի համաձայն, մահացած անձի դիակից արգելվում է վերցնել օրգաններ կամ հյուսվածքներ, եթե չի ստացվել օրենքով պահանջվող համաձայնությունը կամ թույլտվությունը: Օրգան կամ հյուսվածք վերցնելն արգելվում է, եթե մահացած անձն առարկել է դրան:

Այս պահանջը, համաձայն ներպետական օրեսդրության կարգավորումների ,կարող է ապահովվել երկու եղանակով՝

  • ա. եթե համաձայն օրենքի, դիակային դոնոր հանդես գալու համար անհրաժեշտ է լինում կենդանության տալ օրենքով նախատեսված համաձայնություն կամ
  • բ. եթե համաձայն օրենքի, դիակային դոնոր հանդես գալու համար բավարար է կենդանության օրոք չառարկել մահից հետո օրգանի կամ հյուսվածքի դոնոր հանդես գալու դեմ:

Լրացուցիչ արձանագրության 14-րդ հոդվածով, որպես ընդհանուր կանոն, սահմանվում է արգելք սահմանված կարգով համաձայնություն տալու ոչ ունակ անձից օրգան կամ հյուսվածք վերցնելու մասով: Որպես բացառություն, սահմանվում է վերականգնվող օրգանների և հյուսվածքների վերցնումը, բայց, բացառապես, հետևյալ պահանջների պահպանման դեպքում.

  • ա.չկա համադրելի դոնոր, ով ունի համաձայնություն տալու կարողություն.
  • բ.ռեցեպիենտը դոնորի եղբայրը կամ քույրն է.
  • գ. նվիրաբերումն ունի ռեցեպիենտի կյանքը փրկելու հնարավորություն.
  • դ.ստացվել է օրենքով նախատեսված ներկայացուցչի կամ իշխանության մարմնի կամ անձի կամ կազմակերպության  գրավոր և հստակ թույլտվությունը, որը հաստատել է լիազոր մարմինը.
  • ե հնարավոր դոնորը չի առարկում:

Ըստ էության, տվյալ դեպքում խոսքը գնում է ոսկրածուծի դոնորության մասին, իհարկե չբացառելով բժշկագիտության զարգացմանը զուգընթաց վերականգնվող այլ օրգանների և հյուսվածքների՝ այս պահանջներին համապատասխան վերցնումը:

Համաձայնության տալու վերաբերյալ ՀՀ ներպետական օրենսդրությունը որոշ չափով համապատասխանում է Օվիեդոյի կոնվենցիայի, դրա լրացուցիչ արձանագրությունների պահանջներին: Այդուհանդերձ առկա են որոշ թվով տարբերություններ:

Բժշկական միջամտություններին՝ համաձայնություն տալու մասին ուղղակի և անուղղակի պահանջներ կան նախևառաջ ՀՀ Սահմանադրության մեջ, որի 25-րդ հոդվածը սահմանում է.

  • «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
  • 2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
  • 3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
  • 4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին»:

Ինչպես երևում է անհատների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, այդ թվում և սահմանված կարգով համաձայնության չարժանացած բժշկական միջամտություններից, երաշխավորվում է սահմանադրական մակարդակում:

Սահմանադրությունը, այդուհանդերձ, թույլատրում է այս իրավունքի սահմանափակումը՝ միայն հստակ ներկայացված նպատակների համար և միայն օրենքով սահմանված հստակ  իրավակարգավորումների դեպքում: Ըստ էության, խոսքը վերաբերվում  վարակիչ հիվանդություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից եկող վտանգը նվազեցնելու և նրանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև դատական կարգով հարկադիր բուժման դեպքերին:

ՀՀ Սահմանադրությամբ, առանց ազատ և հստակ արտահայտած համաձայնության, չի թույլատրվում գիտական, բժշկական կամ այլ փորձերի իրականացումը, մինչդեռ Օվիեդոյի կոնվենցիան, դրա կենսաբժշկական հետազոտությունների մասին լրացուցիչ արձանագրությունը որոշակի պայմանների ապահովման դեպքում հնարավոր են համարում կենսաբժշկական հետազոտությունների իրականացումը  համաձայնություն տալու ոչ ունակ անձանց նկատմամբ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ նաև օրենք)  16-րդ հոդվածի համաձայն, մարդու գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացառությամբ  օրենքով  նախատեսված դեպքերի: Համաձայնության ձևի մասով, ՀՀ օրենսդրությունը շատ ավելի խիստ է, քան Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված մոտեցումը, որը թույլատրում է և՛ բանավոր, և՛ գրավոր ձևերի կիրառումը՝ իհարկե հաշվի առնելով բժշկական միջամտության բնույթը:

Պետք է նշել, որ համաձայնության տալու իրավունքի հետ ուղղակիորեն և անքակտելիորեն կապված է մեկ այլ իրավունք՝ օրենքի 15-րդ հոդվածով սահմանվածը,  ըստ որի ամրագրված է յուրաքանչյուրի (պացիենտ) իրավունքը մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:

Ըստ էության, համաձայնություն տալու իրավունքի պատշաճ ապահովումը պայմանավորված է դրա տեղեկացված բնույթի հետ: Այդուհանդերձ, պետք է ուշադրություն դարձնել, որ 15-րդ հոդվածը չի բացահայտում  «մատչելի ձև» հասկացության իրավական բովանդակությունը: Ինչը, այդուհանդերձ, ենթադրում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, բուժաշխատողները պետք է պացինետին ապահովեն ընդունելի լեզվով, նրա ըմբռնման մակարդակին հասու, ամբողջական և լրիվ տեղեկատվություն:

Օրենքը շարունակելով համաձայնության մասին կարգավորումները, այնուհետ սահմանում է, որ եթե բժշկի կարծիքով պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, ապա բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը կամ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորված կոնտակտային անձը (կոնտակտային անձ է համարվում պացիենտի լիազորած, չափահաս, գործունակ անձը, որի հետ առաջնահերթության կարգով անհրաժեշտության դեպքում բուժաշխատողը կարող է կապ հաստատել՝ կապված պացիենտի առողջական վիճակի, դրա հետագա ընթացքի հետ, իսկ անգիտակից պացիենտի դեպքում՝ նաև բժշկական միջամտություն իրականացնելու համար, և որի վերաբերյալ տվյալները պացիենտը տրամադրում է առաջին անգամ բժշկական օգնության և սպասարկման դիմելիս՝ հետագայում նրան փոխելու հնարավորությամբ):

Օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում, եթե բժշկի կարծիքով բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, և պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, ապա բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկի կողմից:

Օրենքը սահմանում է այն դեպքերը, երբ անձի համաձայնությունը չի պահանջում բժշկական միջամտություն իրականացնելու համար: Ըստ 24-րդ հոդվածի դրանք են.

  • 1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով․ (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160709)
  • 2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով:

Փաստորեն առանց անձի համաձայնության բժշկական օգնության տրամադրման հիմքում ընկած է սպառնալիքը՝ մի դեպքում ուղղված անձի կյանքին, մյուս դեպքում՝ շրջապատին:

Առաջին դեպքի համար կարևոր է ընդգծել, որ բժշկական միջամտության արդյունքում մարդու կյանքին սպառնացող վտանգի վերացման դեպքում, հետագա բժշկական օգնությունը պետք է տրամադրվի հնարավորինս ապահովելով  օրենքով նախատեսված համաձայնության ստացումը: Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 264-Ն որոշմամբ: Ինչ վերաբերում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններին, ապա, ըստ ՀՀ օրենսդրության, դրանք վարակիչ հիվանդություններն են և հոգեկան կամ վարքի խանգարումները: Այս դեպքում պետք է նկատի ունենալ  «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը», որը հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով: (https://www.arlis.am/Annexes/5/GT30.1_13page4-860_ink.doc)

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում առանց անձի համաձայնության, ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթակա են երկու կատեգորիայի սուբյեկտներ.

  • ա.անձինք, որոնք չեն կատարել քրեական պատասխանատվություն նախատեսող արարք.
  • բ.անձինք, որոնք  կատարել են քրեական պատասխանատվություն նախատեսող արարք:

Առաջինների դեպքում ոչ հոժարակամ  բուժման ենթարկելու ընթացակարգերը սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով՝ հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ գլխով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող (վարակիչ) հիվանդությունների դեպքում բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու  մասով: Այդ հիվանդությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշմամբ:

Պատժի սպառնալիքով արգելված արարքներ կատարած անձանց հարկադիր հոգեբուժական բժշկական օգնությունը կարող է նշանակվել ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված ընթացակարգերով:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում (2020 թվականին կատարված փոփոխություններով) ամրագրվել են անչափահասների և անգործունակ անձանց՝ բժշկական միջամտությանը համաձայնություն տալու վերաբերյալ նոր մոտեցումներ, որոնք այն ավելի համահունչ են դարձրել Օվիեդոյի կոնվենցիայի պահանջներին:

Այսպես, օրենքը նոր մոտեցումներ է ամրագրել  16 տարին լրացած անձանց, 16 տարին չլրացած անձանց, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիետների տեղեկացված լինելու իրավունքի և բժշկական միջամտությանը համաձայնություն տալու հարցերին:

Այսպես, ըստ օրենքի՝

  • 1)16 տարին լրացած երեխաները իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 Այստեղ օրենքով նախատեսված դեպք է դիտարկվում ընդհանուր կանոնը, որը տարածվում է առանց համաձայնության բժշկական միջամտություն իրականացնելու օրենքով նախատեսված բոլոր դեպքերի վրա՝ հաշվի առնելով «Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով այս տարիքային խմբի համարա սահմանված առանձնահատկությունները.

  • 2)  16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը: Սակայն, եթե միաժամանակ առկա են ստորև ներկայացված պայմանները, ապա բժշկական միջամտության իրականացնելիս կամ դրանից հրաժարվելիս  նրանց կարծիքը հաշվի է առնվում: Այդ պայմաններ են՝
  • ա. բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան ի վիճակի են գնահատել իրենց առողջական վիճակը․
  • բ. այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին, երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը․
  • գ.օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն:

Վերը թվարկված պայմանների առկայության դեպքում օրենքը պահանջում է առողջության և բժշկական օգնության վերաբերյալ նախատեսված ողջ տեղեկատվությունը՝ օրինական ներկայացուցչի հետ հավասար, օրենքով սահմանված կարգով հաղորդել 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտին:

Պետք է արձանագրել, որ «16 տարին չլրացած անձի կարծիքը հաշվի առնելու» ձևին օրենսդիրը հատուկ նորմով չի անդրադարձել: Ուստի, այս դեպքերում բուժաշխատողից պահանջվում է մեծ ճկունություն 16 տարին չլրացած անձի շահերի պահպանությունը պատշաճ ապահովելու գործում՝ նրա և օրինական ներկայացուցչի դիրքորոշումները բացառապես անչափահասի բարօրության տիրույթում պահելու նպատակով:

«Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի կարգավորումներն համաձայնության մասով որոշակիորեն այլ են ձևակերպումների և մասնավորապես 16 տարին լրացած անձանց համաձայնության մասով:

Այսպես, օրենքի՝      

  • 1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը տալիս է իրազեկված համաձայնության հասկացությունը, որ  հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տված  համաձայնությունն է` նրան հասկանալի լեզվով տրամադրված ամբողջական, օբյեկտիվ և հասանելի տեղեկատվության հիման վրա: Այս ձևակերպումը  որոշ տարբերություն ունի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում  ամրագրված «համաձայնության» սահմանումից և, ըստ էության, ի սկզբանե բացառում է լեզվական արգելքի ծագման հնարավորությունը բժշկական միջամտության կազմակերպման գործընթացում: Կարևոր է նաև տվյալների օբյեկտիվության մասին  պահանջը, ինչը ևս «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում  հատուկ ամրագրված չէ:
  • 2) 17-րդ հոդվածի համաձայն.

1.Հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմումի) դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է, եթե`

    • 1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձն ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները․
    • 2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին․
    • 3) կդյուրացնեն նրանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը:

3. ...

4. 16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Ի տարբերություն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին» օրենքի, այս դեպքում 16 տարին լրացած երեխան կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի բժշկական միջամտությանը կամ դրանից հրաժարվելուն համաձայնություն կարող է տալ միայն որոշակի պայմանների առկայության դեպքում, որտեղ առանցքային է բժիշկ-հոգեբույժի մասնագիտական կարծիքը՝ կապված պացիենտի՝ գործողությունները հասկանալու, գնահատելու, ղեկավարելու, հետևանքները գիտակցելու կարողությունից կամ մակարդակից:

Ամեն դեպքում,  երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու  կարծիքի մասին տեղեկությունները պարտադիր պետք է փաստաթղթավորվեն պացիենտի բժշկական փաստաթղթերում:

Որոշակի առանձնահատկություններ ունի «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը, որը սահմանում է պահանջներ կենդանի դոնորության ցենզի  և պայմաններ՝ մահվանից հետո դիակային դոնոր հանդես գալու մասին:

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի համաձայն, կենդանի մինչև 18 տարեկան երեխաների կամ հաշմանդամների դոնորությունը արգելվում է, բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների ոսկրածուծի փոխպատվաստման դեպքի, ուստի օրինական ներկայացուցչի համաձայնությունը  օրենքի շրջանակում պահանջվում է հենց այս դեպքի համար:

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի N 23-Ն հրամանի համաձայն, ներկայացրել է իր մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն :

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում անձի` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ.

  • ա) ամուսինը,
  • բ) չափահաս երեխան,
  • գ) ծնողներից մեկը,
  • դ) հարազատ եղբայրը կամ քույրը,
  • ե) հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:

Միևնույն առաջնահերթությամբ մի քանի հարազատների առկայության դեպքում բավարար են նրանցից մեկի տեղեկացվածությունը և համաձայնությունը:

Փոխպատվաստման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Այս օրենքը ևս ունի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի՝ համաձայնություն տալու վերաբերյալ դրույթներին, ընդհանուր առմամբ, համանման դրույթներ, սակայն օրենքում նաև ամրագրված է, որ կենդանի դոնորին օրգաններ տալու համաձայնությանը հարկադրող ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ կյանքին սպառնացող վտանգի կամ շրջապահի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում: Բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթուղթը սահմանված է Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 15-ի N 21-Ն հրամանով, որի կարգավորումներից բխում է, որ պացինետը կամ նրա օրինական ներկայացուցիչը նախապես պետք է տեղեկացվեն բժշկական միջամտություն(ներ)ից հրաժարվելու հնարավոր հետևանքների, այդ թվում` առողջական վիճակի/հիվանդության հնարավոր բարդությունների մասին, որից հետո պացիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը՝ բժշկի հետ մեկտեղ ստորագրում է բժշկական միջամտությունից հրաժարման ձևաթուղթը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն,  մարդկանց բուժման նպատակով ...հետազոտությունները և փորձարկումները կարող են իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում: Իրազեկված գրավոր համաձայնության ձևաթուղթը հաստատում է ՀՀ առողջապահության նախարարը: Մարդն իրավունք ունի հրաժարվելու հետազոտությանը մասնակցելուց դրա ցանկացած փուլում:

Նշված ձևաթուղթը սահմանված է Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 07-ի թիվ 17-Ն հրամանով:

«Դեղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածը, որով սահմանում են կլինիկական փորձարկումների հետ կապված իրավակարգավորումներ, որոշակիորեն տարբերվում է համաձայնության վերաբերյալ ՀՀ օրենսդրության ընդհանուր պահանջներից և լրացուցիչ դիտարկման կարիք ունեն:  Խոսքը նաև 16 տարին լրացածների՝ բժշկական միջամտությանը համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու իրավունքի մասին է:

Ըստ հոդվածի, մասնակցությունը կլինիկական փորձարկումներին կամավոր է: Կլինիկական փորձարկումները կարող են իրականացվել փորձարկվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ՝ փորձարկվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված պայմանագրի առկայության դեպքում: Փորձարկվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է գրավոր տեղեկացված լինի փորձարկվող արտադրանքի, դրա անվտանգության, սպասվող արդյունավետության, վտանգի չափի, փորձարկման պայմանների, նպատակի, տևողության, առողջությանը վնաս հասցնելու դեպքում պատվիրատուի գործողությունների, կյանքի և առողջության ապահովագրության պայմանների, նրա մասնակցության գաղտնիության ապահովման երաշխիքների մասին:

Փորձարկվողը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի ցանկացած փուլում հրաժարվելու կլինիկական փորձարկումներին մասնակցելուց:

Անչափահասների մասնակցությամբ կլինիկական փորձարկումները արգելվում են,  բացառությամբ այն դեպքերի, երբ փորձարկվող դեղագործական արտադրանքը նախատեսված է անչափահասների համար, և եթե նույն դեղագործական արտադրանքի` չափահասների շրջանում անցկացված կլինիկական փորձարկումների արդյունքները դրական են եղել: Անչափահասին կլինիկական փորձարկումներում ներգրավելու համաձայնությունը տալիս է օրինական ներկայացուցիչը` գրավոր կարգով:

Իսկ արդեն ՀՀ քրեական օրենսգրքի  185-րդ հոդվածի համաձայն, անձին՝ առանց իր ազատ կամարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության իր կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք պարունակող բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը ըստ առաջացրած հետևանքների ծանրության առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ տուգանքի կա՛մ հանրային աշխատանքների կա՛մ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կա՛մ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կա՛մ կարճատև ազատազրկման կա՛մ ազատազրկման ձևով:

Ամփոփելով, կարելի է արձանագրել, որ բժշկական միջամտությանը համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու հետ կապված ներպետական օրենսդրությունը համահունչ է միջազգային մոտեցումներին, սակայն կա որոշակի վերանայումների, փոփոխությունների և տարբեր իրավական ակտերում առկա նորմերի հարմոնիզացման անհրաժեշտություն:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group