Հեպատիտ B և C վարակի պատճառագիտությունը և ախտածագումը

Գնալ կայք

Հեպատիտ B վարակի պատճառագիտությունը և ախտածագումը

Հարուցիչը մարդու HBV-ն է ․

  • պատկանում է Hepadnaviridae ընտանիքին
  • ամենափոքր հայտնի ԴՆԹ վիրուսներից մեկն է (42 նմ)
  • դասակարգվում է 9 գենոտիպերի՝ A-I
  • գենոմը կոդավորում է 7 սպիտակուց՝
    • HBsAg (ավստրալիական անտիգեն) (մեծ, միջին և փոքր մակերեսային գլիկոպրոտեիններ), գտնվում է վիրուսի լիպոպրոտեիդային թաղանթում
    • HBcAg -(core) միջուկային անտիգեն
    • HBeAg-նուկլեոկապսիդի կազմում է, վկայում է վիրուսի ակտիվ ռեպլիկացիայի մասին
    • HBV Pol/RT (պոլիմերազա, հետադարձ տրանսկրիպտազա ակտիվություն)
    • PreS1/PreS2/
    • HBx: 11, 12

HBsAg-ը հայտնաբերվում է արյան մեջ, հեպատոցիտներում և կենսաբանական հեղուկներում հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց 1-1,5 ամիս առաջ, ամբողջ պրոդրոմալ և դեղնուկային շրջանի առաջին 2-3 շաբաթվա ընթացքում։ Անտիգենի շրջանառումն արյան մեջ 7-8 շաբաթից երկար վկայում է պրոցեսի հնարավոր քրոնիզացման մասին:

HBcAg հայտնաբերվում է հեպատոցիտների կորիզներում և պերինուկլեար հատվածում (բացակայում է արյան մեջ):

HBeAg՝ նուկլեոկապսիդի կազմում առկա e-անտիգենը` հայտնվելն արյան մեջ պայմանավորված է ԴՆԹ-պոլիմերազային ակտիվությամբ և վկայում է հարուցչի ռեպլիկատիվ ակտիվության մասին, հաստատելով HBcAg առկայությունը հեպատոցիտներում: Այն անձինք, որոնց արյան մեջ հայտնաբերվում է HBeAg, համաճարակաբանորեն ավելի վտանգավոր են: HBeAg շրջանառումը 3 - 4 շաբաթից երկար (հիվանդության սկզբից) կարող է վկայել հիվանդության քրոնիզացիայի մասին:

Վիրուսային գենոմը մասնակի երկշղթա ԴՆԹ է՝ բաղկացած «-» և «+» շղթաներից, որից «+» շղթան ավելի կարճ է, քան «-» շղթան, իսկ ԴՆԹ պոլիմերազան օգնում է լիարժեք դառնալ, քանի որ միայն լիարժեք ԴՆԹ շղթա պարունակող վիրուսը կարող է ռեպլիկացվել։

Վիրուսը կայուն է արտաքին միջավայրում։ Բնորոշ է խիստ կայունություն տարբեր քիմիական, ֆիզիկական գործոնների (բարձր և ցածր ջերմաստիճան), բազմակի սառեցում և հալեցում, թթվային միջավայրի երկարատև ազդեցություն: Զգայուն է հիմնային միջավայրի նկատմամբ։ Բարենպաստ պայմաններում կարող է պահպանվել տարիներ և չկորցնել վարակելիությունը։

  • -20° С-ի պայմաններում վիրուլենտությունը պահպանվում է մինչև 15 տարի
  • Արյան և նրա բաղադրիչների մեջ պահպանվում է տարիներ
  • Սենյակային ջերմաստիճանում պահպանվում է 2-3 ամիս չորացած և չերևացող արյան բծի մեջ, ասեղի ծայրին, ներարկիչի «կույր մասում»
  • 60°С-ի պայմաններում պահպանվում է մինչև 10 ժամ
  • Եռացնելիս ոչնչանում է 30 րոպեից

HBV հեպատոտրոպ վիրուս է (լյարդը հանդիսանում է վիրուսի տրոպիզմի հիմնական վայրը) և լյարդի ախտահարումը պայմանավորված է վարակված հեպատոցիտների իմունամիջնորդված վնասման հետ: HBV-ն ուղղակի ցիտոպաթիկ ազդեցություն չունի։ HBV-ը համարվում է նաև ուռուցքածին վիրուս, որով վարակվածությունը մեծացնում է ՀՑԿ-ի զարգացման ռիսկը:

Մուտքի դռներից HBV վիրուսը հեմատոգեն ճանապարհով հասնում է լյարդ, որտեղ ներթափանցելով հեպատոցիտ՝ ազատվում է իր արտաքին պատիճից։ Պատիճից ազատված վիրուսային գենոմը մտնում է հեպատոցիտի կորիզ և այնտեղ ԴՆԹ պոլիմերազայի միջոցով՝ մասնակի երկշղթա ԴՆԹ-ն վերականգնվում է և փոխակերպվում է CCC DNA (կովալենտորեն փակված ցիրկուլյար ԴՆԹ, covalently closed circular DNA): CCC DNA-ն հանդիսանում է շաբլոն` որոշ սուբգենոմային և գենոմային ՌՆԹ-ների տրանսկրիպցիայի համար: Հեպատիտ B վիրուսի հավաքումը սկսվում է գենոմի կապսիդավորումից: Կապսիդավորումից հետո ԴՆԹ պոլիմերազան միջնորդում է պրեգենոմային ՌՆԹ-ի հետադարձ տրանսկրիպցիան՝ բերելով մինուս-շղթա ԴՆԹ-ի առաջացմանը: Մինուս-շղթա ԴՆԹ-ն հաջորդաբար վերափոխվում է դրական-շղթա ԴՆԹ-ի՝ կրկին հետադարձ տրանսկրիպցիայի միջոցով: Հետագայում ԴՆԹ պոլիմերազայի տերմինալ պրոտեինը ձևավորում է նուկլեոկապսիդը: Այնուհետև նուկլեոկապսիդը հեպատոցիտի էնդոպլազմատիկ ցանցում փոխազդում է մակերեսային պրոտեինների հետ, դառնում հասուն վիրիոն և դուրս գալիս բջջից։ Ի լրումն ամբողջական վարակիչ վիրուսների (տրամագիծը 42 նմ), վարակված բջիջները արտադրում են մեծ քանակությամբ, գենոմից ազատ, ոչ վարակիչ գնդաձև կամ ֆիլամենտոզ մասնիկներ 22 նմ չափով:

Իմունիտետի հումորալ օղակի ռեակցիան արտահայտվում է HBV անտիգենների նկատմամբ սպեցիֆիկ հակամարմինների կուտակումով: Հիվանդության սուր շրջանում արյան մեջ հայտնաբերվում են anti-HBc IgM, այնուհետև` IgG, ավելի ուշ` anti-HBe և ամենավերջում կլինիկական առողջացումից մի քանի ամիս հետո` anti-HBs:

Հեպատիտ C վարակի պատճառագիտությունը և ախտածագումը

  • Պատկանում է
    • Hepacivirus դասին
    • Flaviviridae ընտանիքին
  • Կազմված է
    • Լիպիդային թաղանթից 55-60 նմ
    • Թաղանթային 2 գլիկոպրոտեիններից
    • Միջուկից
    • Վիրուսային դրական-ուղղված ՌՆԹ-ից` կառուցվածքային (C, E1, E2, p7) և ոչ կառուցվածքային սպիտակուցներով (NS2, NS3, NS4A, NS4B, NS5A, NS5B)։

 

Գոյություն ունեն HCV 7 գենոտիպեր և 90-ից ավելի սուբտիպեր,որոնք՝

  • Իրարից տարբերվում են ՌՆԹ 31-33%
  • Հանդիսանում են տարբեր ֆիլոգենետիկ խմբեր
  • Ներկայացված են առնվազն 3 անկախ էպիդեմիոլոգիական նմուշներով
  • Չեն հանդիսանում ռեկոմբինացված ձև այլ գենոտիպերի միջև։

Աշխարում ամենատարածված գենոտիպերն են 1, 2, 3-ը:

Բարենպաստ պայմաններում վիրուսը կարող է պահպանվել տարիներ և չկորցնել վարակելիությունը, ջրային միջավայրում կարող է պահպանվել մինչև մեկ տարի։ Հեպատիտ C-ի վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում: Վիրուսը չեզոքանում է 600C ջերմաստիճանի պայմաններում 30 րոպեի, 1000 C ջերմաստիճանի պայմաններում 2 րոպեի ընթացքում: Վիրուսը զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների և ճարպերի լուծիչների ազդեցության նկատմամբ:

Պաթոգենեզ: HCV-ի կյանքի ցիկլը, ռեպլիկացիան և արտազատումը՝

  1. HCV մուտքը ընկալիչների միջոցով
  2. Էնդոսոմից վիրուսի ՌՆԹ-ի ազատումը
  3. Էնդոպլազմատիկ ռետիկուլումի մակերեսին վիրուսային սպիտակուցների սինթեզը
  4. Ռիբոնուկլեոպրոտեինների ձևավարումը
  5. Նոր ՌՆԹ-ների սինթեզը
  6. Դրական ՌՆԹ շղթաների կապսիդավորումը
  7. HCV հասունացումը Գոլջիի կոմպլեքսում և արտազատումը բջջից

Բջիջ մուտք գործելուց հետո տեղի է ունենում վիրուսային գենոմի մերկացում և վիրուսային սպիտակուցների տրանսլյացիա, որի արդյունքում առաջանում է պոլիպրոտեինային շղթան, որն էլ վերամշակվում է բջջային և վիրուսային պրոտեազներով կառուցվածքային և ոչ կառուցվածքային սպիտակուցների: Ոչ կառուցվածքային սպիտակուցներից NS5B միջնորդում է ՌՆԹ-ի մինուս շղթայի և ապա ՌՆԹ-ի պլյուս շղթայի ձևավորմանը: Վիրուսային հավաքագրման պրոցեսը վատ է ուսումնասիրված և հավանաբար պահանջում է վիրուսային գենոմի, կորիզային, E1, E2 սպիտակուցների փոխազդեցություն: Հասուն վիրիոնները արտազատվում են անհայտ էկզոցիտոտիկ ճանապարհով՝ չներխուժելով Գոլջիի ապարատ:

Հաջողված իմուն պատասխանի ժամանակ ստեղծվում են էֆեկտոր ցիտոլիտիկ և ոչ ցիտոլիտիկ բջիջներ, որոնք ճնշում են վիրուսի ռեպլիկացիան և վերացնում վարակված հեպատոցիտներին։

Ձախողված իմուն պատասխանը հանգեցնում է քրոնիկ վարակակրության, որի ժամանակ ստեղծված իմուն մեխանիզմները բավարար չեն վիրուսի էլիմինացիայի համար և իմուն համակարգն ինքնին ախտահարված է ծանր վիրուսային բեռնվածությամբ։

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group