Բժշկական օգնություն եվ սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելման եվ հսկողության հիմնական 8 բաղադրիչները

Գնալ կայք

Համաձայն ԱՀԿ-ի, բժշկական կազմակերպությունների կողմից վարակի հսկողության ծրագրերի արդյունավետ ներդրումը նվազեցնում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների այսուհետ՝ ԲՄՊՎ) հիվանդացության ցուցանիշը 30%-ով:

Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ)  ամրապնդեցին ՎԿՀ-ի կարևորությունը` որպես բժշկական օգնություն և սպասարկում ապահովող անվտանգ և արդյունավետ միջոց (մասնավորապես՝ ջրի, սանիտարահամաճարակային անվտանգության, բժշկական օգնության և սպասարկման  որակի և հանրային առողջության հետ կապված հարցերով):

ՎԿՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ազգային մակարդակում ՎԿՀ հիմնական բաղադրիչները առաջին վեցն են, իսկ բժշկական կազմակերպության մակարդակում ութը, դրանք են՝

  • ՎԿՀ ծրագրերի մշակում և գործադրում
  • Ապացույցների վրա հիմնված ՎԿՀ ուղեցույցների և ստանդարտ գործունեության ընթացակարգերի մշակում և գործադրում
  • Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց այսուհետ՝ բուժանձնակազմ կրթում և ուսուցում՝ վարակի հսկողության հարցերով
  • Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների այսուհետ՝ ԲՄՊՎ ) համաճարակաբանական հսկողություն
  • Բազմամոդուլ ռազմավարություն
  • ՎԿՀ ծրագրի գործադրման մշտադիտարկում/աուդիտ և հետադարձ կապ
  • Աշխատանքային ծանրաբեռնվածություն, կադրային ապահովվածություն և մահճակալային զբաղվածություն:
  • Անվտանգ շրջակա միջավայրի, ՎԿՀ-ի համար նյութատեխնիկական ապահովվածություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 1՝ ՎԿՀ ԾՐԱԳՐԵՐ

ԲՄՊՎ-ի կանխարգելման, հակամանրէային կայունության (այսուհետ՝ ՀՄԿ) դեմ պայքարելու, ինչպես նաև առողջապահական համակարգում տնտեսական վնասի նվազեցման նպատակով ստեղծվում է ինքնուրույն, ակտիվ, ազգային ՎԿՀ ծրագիր՝ հստակ սահմանված նպատակներով, գործառույթներով և գործողություններով: Ազգային ՎԿՀ ծրագրի մշակումը և պահպանումը հիմք է մյուս բոլոր հիմնական բաղադրիչների իրականացման համար:

Ազգային մակարդակում ՎԿՀ գործադրումն իրականացվում է վարակի հսկողության մասնագիտական խորհրդի, ՎԿՀ-ի համակարգողի  կողմից: Մասնագիտական խորհուրդն աջակցում է ուղեցույցների  և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մշակմանն ու իրականացմանը՝ կրթության և ուսուցման, հսկողության, մոնիտորինգի, հետադարձ կապի միջոցով և ապահովում է  գնումների համակարգերի ներդնումը, համակարգում է ՎԿՀ-ի գործողությունները` ցանկացած բռնկմանն արձագանքելու համար: ՎԿՀ մասնագիտական թիմի պարտականությունն է նաև մատչելի ուղեցույցների տեղայնացումն ու համակարգված գույքագրումը (Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 6-ի «Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման հարցերով մասնագիտական խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը եվ աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 1502-Ա հրաման):

ՎԿՀ ծրագրի և այլ համապատասխան նախագծերի միջև կարևոր է խթանել համագործակցությունը և համակարգումը իրական և շարունակական ինտեգրման հասնելու համար, քանի որ ծրագրերի միջև առկա են ընդհանուր նպատակներ: Դրան հասնելու համար հաշվի է առնվում հետևյալ համապատասխան ծրագրերի/կազմակերպությունների ներդրման հնարավորությունը.

  • ՀՄԿ կանխարգելումը և վերահսկումը առողջապահության համակարգում, ներառյալ հակաբիոտիկների կառավարումը:
  • Հիվանդությունների և բռնկումների համաճարակաբանական հսկողություն և հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանք:
  • Որակի կառավարում (այսինքն՝ որակի ապահովում, վերահսկողություն և բարելավում), բուժհաստատությունների լիցենզավորում և հավատարմագրում, հիվանդների անվտանգություն, աշխատանքի հիգիենա):
  • Ջուր, սանիտարիա, թափոնների կառավարում և շրջակա միջավայր:
  • Տուբերկուլյոզ, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ), հեպատիտ, մոր և մանկան առողջություն:
  • Իմունիզացիա հանրային առողջապահության այլ ծրագրերում:
  • Հանրային առողջապահության ստորաբաժանումներ:
  • Ազգային ռեֆերենս լաբորատորիաներ, լաբորատոր կենսանվտանգություն/ կենսապահովություն:
  • Ազգային առողջապահական և գիտակրթական կազմակերպություններ:
  • Հիվանդների ասոցիացիաներ / քաղաքացիական հասարակական մարմիններ:

ՎԿՀ ծրագրի գործադրման համակարգումն ու կազմակերպումն իրականացվում է բժշկական կազմակերպության տնօրենի կողմից ստեղծված վարակի հսկողության հանձնաժողովի/թիմի կողմից: Վարակի հսկողության հանձնաժողովը/թիմը կազմվում է  հանձնաժողովի/թիմի նախագահից /բժշկական կազմակերպության ղեկավարից կամ տեղակալից/,  համաճարակաբանից, գլխավոր բուժքույրից և բաժանմունքի վարիչներից:

Բժշկական կազմակերպությունում ձևավորվում է  մասնագիտական աշխատանքային խումբ` վարակի հսկողության համալիր պլան մշակելու համար, որը հաստատվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից:

Կապված ՎԿՀ ծրագրի հետ` վարակի հսկողության հանձնաժողովի/թիմի գործառույթներն են.

  • Հանձնաժողովը/թիմը գնահատում է վարակի հսկողության ծրագրի իրականացման ֆինանսավորման նպատակահարմարությունը և ռեսուրսներով ապահովվածությունը:
  • Գնահատում և վերլուծում է գործադրված ՎԿՀ ծրագրի արդյունքները և անհրաժեշտության դեպքում փոփոխում:
  • Ապահովվում է գործող հետադարձ կապ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
  • Ապահովում է բժշկական կազմակերպության վարչակազմի և բոլոր ծառայությունների միջև համագործակցությունը:

Վարակի հսկողության հանձնաժողովի/թիմի խնդիրներն են`

  • ԲՄՊՎ վարակների համաճարակաբանական հսկողության ապահովումը:
  • ԲՄՊՎ վարակների համաճարակաբանական հետազոտությունների իրականացումը:
  • Հիվանդների մեկուսացման ալգորիթմի մշակումը և ներդրումը:
  • Հիվանդների խնամքի ընթացքում վարակի փոխանցման հնարավոր ռիսկերի նվազեցման ալգորիթմի մշակումը և ներդրումը:
  • Բուժանձնակազմի պաշտպանության ընթացակարգերի մշակումը և գործադրումը:
  • Բուժանձնակազմի ուսուցումը վարակի հսկողության հարցերով:
  • Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների, ախտահանման և մանրէազերման աշխատանքների, մեկուսացման և այլ կանխարգելիչ միջոցառումների պարբերաբար վերանայումը և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների իրականացումը:
  • Հակաբիոտիկների օգտագործման և կայունության մոնիտորինգի համակարգի ներդրումը և իրականացումը:

ՎԿՀ ծրագրի ներդրման նպատակով հանձնաժողովի կողմից ներկայացվում է ՎԿՀ-ի բյուջեն՝ պաշտպանված և նպատակային: Նախատեսված ռեսուրսները ենթակառուցվածքների կողմից օգտագործվում է ՎԿՀ բարելավման համար:

Նախապես որոշելով, թե ով պետք է այն ղեկավարի՝ իրականացվում է բազային գնահատում, բացահայտվում են թերությունները (բացերը), սահմանվում են  գերակայություններ և նպատակներ, մշակվում են գործողությունների քայլեր և ժամանակացույց,  յուրաքանչյուր գործողություն իրականացնելու համար անհրաժեշտության դեպքում նշանակվում են համակարգողներ և նրանց աջակցող անձնակազմ:

 Մշակվում և ներդրվում է ՎԿՀ ծրագրի գործադրման գնահատման պլանը՝ նվազագույնը տարեկան հաճախականությամբ: Գնահատման արդյունքների հիման վրա թարմացվում է գործողությունների ծրագիրը, ներկայացվում գնահատման ազդեցության վերաբերյալ հաշվետվություն, արդյունքները հաղորդվում ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին, օգտագործում նախնական գործողությունների պլանն ու գնահատումները երկարաժամկետ (5 տարի) գործողությունների պլան մշակելու համար` երկարաժամկետ կայունություն ապահովելու համար, ուշադրություն դարձնելով՝

  • Քաղաքականության մակարդակով ՎԿՀ ծրագրի երկարաժամկետ օժանդակության ապահովմանը (ներառյալ ՎԿՀ- ի գործողությունը կարգավորող օրենսդրությունը):
  • Որոշակի առաջատարների երկարաժամկետ պարտավորությունների ապահովմանը:
  • Գործողությունների ընթացքի վերաբերյալ կանոնավոր հետադարձ կապի տրամադրմանը:
  • Հասանելի ֆինանսական, մարդկային և այլ անհրաժեշտ ռեսուրսների կիրառմանը:
  • Երկարաժամկետ ներդրումների համար ֆինանսական հիմնավորմանը:
  • Իրազեկվածության բարձրացման շրջանակներում հաջողության պատմությունների օրինակների ստեղծմանը:
  • ՎԿՀ փաստաթղթային ապահովմանը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 2՝ ՎԿՀ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

ՎԿՀ ազգային ծրագրերի հիմնական գործառույթներից է ՎԿՀ ուղեցույցների և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ռազմավարությունների մշակումը: Ազգային ուղեցույցները ներառում են ՎԿՀ-ի գերակայությունների, հստակ ապացույցների վրա հիմնված ստանդարտների և տեղական հարմարվողականության շրջանակների վերաբերյալ հստակ հրահանգներ: ՎԿՀ ուղեցույցները ներկայացնում են այն միջոցները, որով բժշկական կազմակերպությունները/աշխատակիցները  կարող են պատասխանատվության ենթարկվել:

Այնտեղ, որտեղ ​​արդեն հաստատված են ազգային ուղեցույցները և ստանդարտ ընթացակարգերը, հաշվի է առնվում, թե ինչ չափով են  դրանք ներդրվել  և կիրառվում  բոլոր բժշկական կազմակերպություններում:

 Ուղեցույցները համաձայնեցվում են ազգային այլ քաղաքականության և ծրագրային ուղեցույցների հետ, մշակվում է ուղեցույցի տարածման ռազմավարություն (օրինակ, իրազեկության բարձրացում, ուսուցում, շահագրգիռ կողմերի աջակցություն), փոխկապակցված կրթության ինտեգրում, ուղեցույցների մշտադիտարկում և դրանց կիրառում կլինիկաներում:

 Ազգային հիմնական բաղադրիչների հարցաթերթը տրամադրում է հստակ տեղեկատվություն ուղեցույցի մշակման և իրականացման գործընթացի վերաբերյալ: ԱՀԿ ուղեցույցին համապատասխան ՎԿՀ ուղեցույցների առաջնահերթություն ունեցող թեմաներն են՝

  • նախազգուշական ստանդարտ միջոցառումներ
  • ձեռքերի հիգիենա
  • անհատական պաշտպանության միջոցների կիրառում
  • բժշկական արտադրատեսակների մանրէազերծում և ախտահանում
  • սպիտակեղենի ախտահանում և օգտահանում
  • բժշկական թափոնների կառավարում
  • հիվանդների տեղաբաշխում
  • շնչառական հիգիենա և հազի էթիկետ
  • շրջակա միջավայրի պաշտպանություն
  • ասեպտիկայի սկզբունքները
  • սրածայր գործիքներից ստացած վնասվածքների և շփման միջոցով վարակի փոխանցման կանխարգելում
  • կլինիկական միջամտությունների համար ասեպտիկ տեխնիկա և սարքերի կառավարում

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 3` ԿՐԹՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 ՎԿՀ ազգային ծրագրի հիմնական գործառույթներից է նաև բուժաշխատողների  կրթության և ուսուցման աջակցումը: ՎԿՀ կրթում և ուսուցում իրականացնում են ՎԿՀ-ի համակարգողը, ՎԿՀ մասնագիտական խորհուրդը: Կարևոր է բուժաշխատողի կրթության իրավասություն ունեցող տեղական ԲՈՒՀ-երի, ակադեմիական ինստիտուտների  և մյուսների ներգրավումը ուսումնական ծրագրերի մշակման և ուսուցման իրականացման գործընթացում:

Դասընթացների նպատակային լսարանը կլինիկական օրդինատորներն են և բուժաշխատողները՝

  • Հետբուհական կրթություն (բժիշկներ, բուժքույրեր և այլ մասնագետներ, որոնք նշանակված են ՎԿՀ պատասխանատուներ, տեխնիկական թիմերի անդամներ), որոնց անհրաժեշտ է ձեռք բերել ​​գիտելիքներ և ովքեր ցանկանում են դառնալ ՎԿՀ մասնագետներ, ինչպես նաև այլ մասնագետներ, որոնց անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ կարողություններ՝ ՎԿՀ բուժօգնության մեջ ներդնելու համար (օրինակ, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ):
  • Շարունակական կրթություն՝ առանց աշխատավայրը լքելու, հիմնական ունակություններ ձեռք բերելու նպատակով (իրականացվում է հաստատության մակարդակով, սակայն կարգավորվում են ազգային մակարդակում՝ ընդգրկելով նոր աշխատողներին, ինչպես նաև բոլոր բուժաշխատողների համար կանոնավոր վերապատրաստումներ), հիվանդների սպասարկում և խնամք իրականացնող բոլոր բուժաշխատողները, այլ աշխատակիցներ, ովքեր մատուցում են առողջապահական ծառայություններ (օրինակ` մայրապետներ, սպասարկող օժանդակ անձնակազմ, վարչական անձնակազմ):

 Բուժաշխատողի կրթումն ու ուսուցումը համապատասխանեցվում է ազգային մոտեցումներին: Մշակվում է բուժաշխատողների շրջանում գիտելիքների մակարդակի գնահատման գործիք, եթե այն արդեն գոյություն ունի՝ կիրառվում է:

 Մշակվում է ՎԿՀ կրթումն ու ուսուցումը գնահատելու պլան, հաստատվում է   նվազագույնը տարեկան հաճախականություն: Գնահատման պլանը ներառում է ընթացիկ ցուցանիշներ (օրինակ, վերապատրաստման դասընթացների և նիստերի քանակ, ժամկետներ, որակ, մասնակիցների թիվ) և արդյունքներ (օրինակ, գիտելիքների գնահատում, իրավասությունների ձեռքբերում՝ արտացոլված  ուսուցողական թեմայի հետ կապված վարքագծային փոփոխության մեջ):

 Կիրառվում են ուսուցման արդյունավետ մեթոդներ, ինչպիսիք են խնդիրների լուծմանն   ուղղված դասընթացներ և դասախոսություններ, էլեկտրոնային ուսուցման մոդուլներ, մոդելավորման վրա հիմնված ուսուցում, ուսուցում մահճակալի մոտ հատուկ խմբերով՝ բժիշկների/բուժքույրերի կամ խմբային դասընթացներ՝ առցանց մոդուլներով և դասախոսություններով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 4. ԲՄՊՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 ԲՄՊՎ-ն բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի բժշկական օգնության և սպասարկման ընթացքում կամ դրանից  հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է,  որը բացակայել է նրա մոտ բժշկական կազմակերպություն ընդունման կամ ոչ բժշկական կազմակերպությունում ծառայություն (կոսմետոլոգիական ծառայություն, մատնահարդարում, ոտնահարդարում, դաջվածք և այլն) ստանալու պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև՝ անձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական գործունեության ընթացքում:

 ԲՄՊՎ հսկողությունն ու համաճարակաբանական հսկողության համակարգը, որոնք ներառում են տվյալների հետադարձ կապի մեխանիզմներ և կիրառվում են համեմատական վերլուծության նպատակով, ստեղծված են նվազեցնելու ԲՄՊՎ և ՀՄԿ-ն:

 ԲՄՊՎ հսկողությունն ու համաճարակաբանական հսկողության համակարգը պահանջում է փորձաքննություն, լաբորատոր կարողություններ և ներդրված ՎԿՀ ծրագիր: Այն իրականացնում են համաճարակաբանները, վիճակագիրները, փորձագետները և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ովքեր օժտված են  ինչպես բուժհաստատության, այնպես էլ ազգային մակարդակում տվյալների ճշգրիտ և արդյունավետ հավաքագրելու, վերլուծելու և մեկնաբանելու ունակություններով, ինչպես նաև մանրէաբաններն ու լաբորատորիայի փորձառու մասնագետները, ովքեր հստակ պատկերացնում են ազգային լաբորատոր համակարգի կարողությունն ու որակը:

ԲՄՊՎ և ՀՄԿ ազգային հսկողության ծրագրերը ներկայացնում են հետևյալ կարևոր տեղեկատվությունը:

  • Բժշկական կազմակերպություններում նկարագրվում է ԲՄՊՎ և ՀՄԿ հաճախականությունն ու տարածվածությունը (այսինքն՝ որոշվում է «խնդիրը»):
  • Գնահատվում են միտումները՝ ըստ ժամանակի, ըստ աշխարհագրական դիրքի կամ ըստ բարձր ռիսկայնության:
  • Բացահայտվում են բռնկումների ընտրանքային խմբերն ըստ կարևորության և իրականացվում են հանրային առողջապահական գործողություններ:
  • Աջակցում են ՎԿՀ մասնագիտական խորհրդին՝ բացահայտելու ՎԿՀ-ի խնդիրները և մշակելու փաստացի ապացույցների վրա հիմնված չափանիշներ ու քաղաքականություն:

 ԲՄՊՎ դեպքի  միջազգային սահմանումները կիրառվում են համեմատական վերլուծության համար, որոնք հնարավոր չէ իրականացնել սահմանափակ միջոցների պայմաններում:  Սահմանափակ միջոցների և մանրէաբանական լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունների պայմաններում ԲՄՊՎ հայտնաբերման համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:

ԲՄՊՎ հսկողությունն ու համաճարակաբանական հսկողության համակարգն ապահովում է համապատասխան մանրէաբանական, լաբորատոր կարողություններ և որակ (օրինակ` որակի կառավարման համակարգերի հետ կապված լաբորատոր տվյալների երաշխավորված որակ՝ արդյունքների ճշգրտություն, հուսալիություն ապահովելու համար, նմուշառման ու տեղափոխման համապատասխան ընթացակարգեր, արտահիվանդանոցային և ԲՄՊՎ վարակների տարբերակում, ուշադրություն՝ բազմակի կուլտուրաներով կրկնակի հաշվառվող հիվանդներից խուսափելու համար):

 ԲՄՊՎ համաճարակաբանական հսկողությունն իրականացվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողության համակարգ մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 3847 – Լ հրամանի:

 Դեպքերի ստանդարտ սահմանումները մշակվում են ըստ միջազգային ստանդարտ սահմանումների, տեղայնացվում են՝ ելնելով ԲՄՊՎ գերակայությունից:

 ԲՄՊՎ համաճարակաբանական հսկողության արդյունքների և բացերի մասին ապահովվում է հետադարձ կապ, քննարկվում հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ իրազեկության բարձրացման և հսկողության հզորացման համար անհրաժեշտ գործողությունների առաջխաղացման նպատակով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 5: ԲԱԶՄԱՄՈԴՈՒԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ազգային ՎՀԿ ծրագրերը համակարգում և նպաստում են ՎԿՀ-ի գործունեության իրականացմանը՝ բազմամոդուլ ռազմավարությունների միջոցով: Բազմամոդուլ ռազմավարությունը բաղկացած է մի քանի տարրերից կամ բաղադրիչներից  (երեք կամ ավելի, սովորաբար հինգ), որոնք իրականացվում են ինտեգրված կերպով՝ արդյունքի բարելավման և վարքագծի փոփոխման նպատակով: Այն ներառում է միջգերատեսչական թիմերի կողմից մշակված գործիքներ, ինչպիսիք են մեթոդական ուղեցույցները, ընթացակարգերը և ստուգաթերթերը: Հինգ ամենատարածված բաղադրիչներն են՝

  • Համակարգի փոփոխություն (համապատասխան ենթակառուցվածքների և ծախսանյութերի առկայություն՝ ՎԿՀ իրականացման համար)
  • Բուժաշխատողների և առաջատարների կրթում և ուսուցանում (օրինակ, ղեկավարներ):
  • Ենթակառուցվածքների, գործընթացների, արդյունքների մշտադիտարկում և տվյալների հետադարձ կապի ապահովում:
  • Աշխատատեղերում ընթացակարգեր/հաղորդակցություն
  • Հաստատության ներսում մշակույթի փոփոխություն կամ անվտանգ միջավայրի ապահովում:

 Բազմամոդուլ ռազմավարությունների կիրառումը հաշվի է առնվում ազգային ՎԿՀ ծրագրի ստեղծման ժամանակ, քանի որ ազգային թիմի առանցքային գործառույթներից մեկը նրանց զարգացումն ու իրագործումը ղեկավարելն է: Իրականում, մյուս հիմնական բաղադրիչները  դիտարկվում են մինչ բազմամոդուլ ռազմավարության իրականացումը (օրինակ, ուղեցույցների նույնականացում կամ մշակում, ուսուցման և վերապատրաստման, վերահսկողության և/կամ մշտադիտարկման համար համապատասխան մոտեցումներ սահմանելը):

Բազմամոդուլ ռազմավարություն իրականացնում են ՎԿՀ համակարգողը, ազգային թիմը կամ ՎԿՀ ազգային պատասխանատու մարմինը, քանի որ բազմամոդուլ ռազմավարությունը նրանց հիմնական գործառույթներից է: Ներգրավվում են բոլոր այլ համապատասխան ծրագրերի և վարակիչ հիվանդությունների հսկողությամբ զբաղվող անձինք և համաճարակային հսկողության բոլոր ծրագրերի հիմնական համատեղ աշխատանքի ոլորտները:

 Բժշկական կազմակերպությունում բազմամոդուլ ռազմավարության արդյունավետության նպատակով կազմակերպվում է հանդիպում, հրավիրվում են այլ համապատասխան ոլորտների ներկայացուցիչները, օրինակ՝ առողջապահության անձնակազմի կառավարման, ջրի, սանիտարիայի, թափոնների կառավարման, գնումների պատասխանատուներ, դեղագործներ, ֆինանսիստներ, ինժեներներ և փորձագետներ, քննարկվում է բժշկական կազմակերպությունների բազմամոդուլ ռազմավարություն կիրառելու գործընթացի աջակցությունը: Որևէ ծրագրում կամ ոլորտում նախորդ բարելավումներն իրականացնելուց առաջ անվտանգ միջավայրի գնահատումների կիրառումը նպաստում է գործողությունների պլանի մշակմանը: Իրականացվում է բժշկական կազմակերպությունում բազմամոդուլ ռազմավարության կիրառման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում:

Բժշկական կազմակերպության մակարդակով կենտրոնական արդյունավետ համակարգումն ապահովվում է կանոնակարգերի և գործիքների ռեսուրսներով, անհրաժեշտ ֆինանսավորմամբ ու տեխնիկական աջակցությամբ:

 Բժշկական կազմակերպություններում ներդրվում է ձեռքերի հիգիենայի ինքնագնահատման ԱՀԿ-ի գործիքը, որպես բազմամոդուլ ռազմավարության կիրառման նախնական քայլ:

 Հիմնական բաղադրիչների ստուգաթերթով իրականացվում է գնահատում, բազմամոդուլ ռազմավարության հետ կապված արդյունքները վերլուծվում են և հետադարձ կապով ներկայացվում բոլոր շահագրգիռ կողմերին: Սահմանվում է հետագա գնահատումների  հաճախականություն` նվազագույնը տարեկան հաճախականություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 6. ՎԿՀ- Ի ՓՈՐՁԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ/ԱՈՒԴԻՏ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 Ստեղծվում է ՎԿՀ մոնիտորինգի և գնահատման ծրագիր՝ գնահատելու ստանդարտների պահպանումը  և միջոցառումների իրականացումը՝ ըստ ծրագրի նպատակների և խնդիրների:

 Մոնիտորինգը և աուդիտը գնահատում են ստանդարտների համապատասխանության մակարդակը, նպատակները, պահանջներին համապատասխան կատարված աշխատանքները և բացահայտում են բարելավման ենթակա ոլորտները: Սա իր մեջ ներառում է հաստատությունների կանոնակարգային և ՎԿՀ լավագույն փորձի և ստանդարտների համապատասխանության կանոնավոր գնահատումը, ամրագրման կամ ռազմավարության փոփոխության կարիք ունեցող գործողությունների բացահայտումը, ինչպես նաև հաջողված փորձը: Որոշակի ցուցանիշներ կիրառելով՝ ազգային ծրագրերի ներդրման փաստաթղթավորման համար մոնիտորինգը և աուդիտն ապահովում են նաև համակարգային մեթոդ:

 Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը, տվյալների հավաքագրումը, մոնիտորինգի, աուդիտի և հետադարձ կապի համակարգերը, մասնավորապես, ժամանակին հետադարձ կապը ՎԿՀ գործընթացի բարելավման կարևոր գործոններն են:

 Մոնիտորինգի, աուդիտի և հետադարձ կապի նպատակով ազգային թիմը հստակեցնում է տվյալների հավաքագրումը և ազգային մակարդակով վերլուծությունը: Կազմվում է բուժհաստատության մակարդակով գերակայության օրինակների նախնական ցանկ:   Հաշվի է առնվում նաև բժշկական կազմակերպության մակարդակով կենտրոնական արդյունավետ համակարգումն ապահովող կանոնակարգերի և գործիքների ռեսուրսները:

 Կանոնավոր հսկվում և գնահատվում են բժշկական կազմակերպությունների ջրի և սանիտարիայի, ենթակառուցվածքների՝ ՎԿՀ-ի հետ կապված ծառայությունները:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 7. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԿԱԴՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՀՃԱԿԱԼԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Հանրային առողջապահության խնդիրներից է բժշկական կազմակերպությունների գերծանրաբեռնվածությունը, որը կարող է հանգեցնել ԲՄՊՎ առաջացման: Այդ խնդրի կարևորությունը գիտակցելով՝ բուժանձնակազմը ստեղծում է բարենպաստ միջավայր՝ անվտանգ, բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու համար: Երբեմն հաշվի է առնվում նաև բուժառուի կարծիքը: Բուժառուները բոլոր պայմաններում մեծ նշանակություն են տալիս ինչպես կադրային ապահովվածությանը, այնպես էլ մահճակալային ծանրաբեռնվածությանը:

 Բժշկական կազմակերպությունում ապահովվում է մեկ մահճակալին մեկ հիվանդ հարաբերակցությունը և մահճակալների միջև 1 մետր հեռավորությունը: Բացառիկ դեպքերում, երբ մահճակալների քանակը գերազանցում է, բժշկական կազմակերպության ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում այն կարգավորելու: Այս սկզբունքները կիրառվում են բոլոր բաժանմունքներում, որոնք ունեն ստացիոնար մահճակալներ, ներառյալ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները:

Բժշկական կազմակերպության մահճակալային զբաղվածությունը, կադրային ապահովվածությունը և բուժանձնակազմի աշխատանքային զբաղվածությունը չպետք է գերազանցի սահմանված ստանդարտ չափանիշները:

 Բռնկումների ժամանակ աշխատանքային ծանրաբեռնվածությունը փոխվում է և ազդում բուժանձնակազմի պահանջարկի և քանակի վրա: Որոշակի իրավիճակներում բուժառուի խնամքն իրականացնում են նաև նրանց ազգականները: Բժշկական կազմակերպություններն ապահովում են ռեսուրսներ՝ նշված իրավիճակներում աշխատանքների պատշաճ իրականացման համար:

 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ 8. ԱՆՎՏԱՆԳ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՎԿՀ-Ի ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ԲՄՊՎ և ՀՄԿ կանխարգելմանը նպաստում է բուժառուների բուժումը և սպասարկումը մաքուր/հիգիենիկ միջավայրում, հագեցած նյութատեխնիկական բազայով, ՎԿՀ անհրաժեշտ նյութերով և սարքավորումներով: Բժշկական կազմակերպությունում ՎԿՀ հիմնական բաղադրիչ է ջրամատակարարման և ջրահեռացման բարելավումը, անհրաժեշտ նյութերով ու սարքավորումներով ապահովվածությունը:

 Բժշկական կազմակերպությունում պահանջվում է նվազագույնը՝

  • Մշտական, հոսող ջուր:
  • Մշտական, անհրաժեշտ քանակով ջրամատակարարում՝ խմելու, ձեռքերի լվացման, սնունդ պատրաստելու, անձնական հիգիենայի, բժշկական գործունեության, ախտահանման, լվացքի և մաքրման համար:
  • Սանհանգույցներում կամ սենքերում, որտեղ ցուցաբերվում է բժշկական օգնություն, ալկոհոլի հիմքով ձեռքերի հիգիենայի անհրաժեշտ միջոցներ, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
  • Առնվազն մեկ սանհանգույցի առկայություն կանանց հիգիենան (դաշտանի ընթացքում) ապահովելու համար, առանձնացված առնվազն մեկական սանհանգույց բուժառուների և անձնակազմի համար, առնվազն մեկ սանհանգույց սահմանափակ կարողություններով անձանց համար:
  • Անհրաժեշտ քանակի կոնտեյներների առկայություն՝ դրանց գոյացման վայրում թափոնների հավաքման և առանձնացման համար՝ կենցաղային, վարակիչ և սրածայր, համաձայն՝ Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին N 03-Ն հրամանի:
  • Թափոնների տեսակավորման, մշակման և օգտահանման՝ ներառյալ ավտոկլավով մշակման, տեղափոխման կամ այրման կանոնների պահպանում:
  • Մաքուր, հիգիենիկ պայմանների ապահովում՝ ներառյալ զննման սենքերի, սպասասրահների, սանհանգույցների և մակերեսների կանոնավոր մաքրում:
  • Սենքերում բնական կամ արհեստական օդափոխության առկայություն:
  • Հուսալիորեն գործող կեղտաջրերի մաքրման համակարգի առկայություն:
  • Բժշկական կազմակերպությունում էներգիայի/էլեկտրաէներգիայի շուրջօրյա բավարար մատակարարում ցանկացած գործընթացի համար (ջրի պոմպով մղման և եռացնելու, ախտահանման, այրման կամ մշակման այլընտրանքային տեխնոլոգիաների, էլեկտրոնային բժշկական սարքերի, բուժօգնություն իրականացվող տարածքների ընդհանուր լուսավորության, սանհանգույցների ու ցնցուղարանների լուսավորության համար):
  • Կենտրոնացված մանրէազերծման բաժանմունք բժշկական նշանակության ապրանքների մանրէազերծման համար՝ բավարար քանակի ջրամատակարարմամբ և էներգամատակարարմամբ:
  • Մեկուսարանների կամ դրանց անբավարար քանակի դեպքում մեկտեղանի առանձնացված սենյակների առկայություն նմանատիպ ախտածին միկրոօրգանիզմ ունեցող բուժառուների կոհորտացման համար (օրինակ, տուբերկուլոզ, կարմրուկ, խոլերա, Էբոլա, ՍՇՎ և այլն):
  • Պատշաճ պայմանների ապահովում՝ բժշկական թափոնների հավաքման և անվտանգ օգտահանման համար՝ ներառյալ սրածայր առարկաները:
  • Բուժառուների խնամքի համար անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների սարքավորումների և մաքուր սպիտակեղենի պահպանման համար առանձնացված սենք:
  • Բժշկական կազմակերպությունում շինարարական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս բուժառուների և նրանց ազգականների, անձնակազմի պաշտպանության միջոցների և ռիսկերի գնահատման համակարգ (հատկապես ցածր իմունիտետով բուժառուների մոտ և բարձր ռիսկի գոտիներում՝ ինտենսիվ թերապիայի, նորածնային, այրվածքային բաժանմունքներ և վիրահատարաններ):
  • Անհրաժեշտ քանակի անհատական պաշտպանության միջոցների առկայություն:

 Մեկուսացումը վարակիչ հիվանդությունների և բազմադեղորայքակայուն օրգանիզմների տարածումը կանխող պատնեշի ստեղծումն է մի բուժառուից մյուսին և այցելուներին, խնամողներին: Արդյունավետ մեկուսացման նպատակով առաձնացնում են մեկտեղանի հիվանդասենյակներ (ցանկալի է առանձին զուգարան և ցնցուղ)՝ հաստատված կամ կասկածելի վարակիչ հիվանդներին տեղավորելու համար: Հետևաբար, մեկուսացումն իրականանում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

  • Բուժառուներին տեղեկացվում է նրանց հիվանդության մասին:
  • Մեկուսացման ժամանակ օգտագործած առարկաները չեն օգտագործվում մյուս բուժառուների համար:
  • Անհատական պաշտպանության միջոցները փոխվում են բուժառուի հետ անմիջական շփումից հետո:
  • Իրականացվում է ձեռքերի հիգիենիկ մշակում:
  • Բուժառուի տեղաշարժը և տեղափոխումը այլ հիվանդասենյակներ/բաժանմունքներ հնարավորինս սահմանափակվում է:
  • Այցելությունները սահմանափակվում են, վարակի վտանգի դեպքում տեղեկատվություն է տրվում: Անհատական պաշտպանության միջոցների և ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը իրականացվում է՝ ըստ վարակի փոխանցման մեխանիզմի:

 Անվտանգ միջավայրը կարևոր է ԲՄՊՎ և ՀՄԿ կանխարգելման համար: Մաքրումն իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝

  • Մաքրումը շրջակա միջավայրի մակերեսներից փոշու, հողի և աղտոտող նյութերի հեռացումն է և ապահովում է չոր, հիգիենիկ և բժշկական կազմակերպության անվտանգ միջավայր բուժառուների, անձնակազմի և այցելուների համար:
  • Ախտահանումից առաջ մաքրման փուլը կարևոր քայլ է, քանի որ այն հեռացնում է փոշին, հողը և այլ նյութեր, որոնք նվազեցնում են ախտահանող նյութերի արդյունավետությունը:
  • Արդյունավետ մաքրման համար կիրառվում են չեզոք լվացող նյութեր:

 ԱՀԿ-ն առաջարկում է յուրաքանչյուր 10 մահճակալին 1 լվացարան և ալկոհոլ պարունակող ախտահանիչի առկայություն խնամքի յուրաքանչյուր կետում: Ձեռքերի հիգիենայի համար անհրաժեշտ միջոցների օպտիմալ տեղաբաշխումը ծախսատար չէ և աջակցում է բուժաշխատողի աշխատանքային գործընթացին:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group